Սարաեւոյում հազարավոր քաղաքացիներ արգելափակել են Բոսնիա եւ Հերցեգովինայի խորհրդարանի եւ կառավարության շենքը: Շենքում մոտ հազար պատգամավոր, կառավարության անդամներ կան, նաեւ՝ 250-350 արտասահմանցիներ: Նրանցից մեծ մասը Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի համաժողովի մասնակիցներ են: Արտասահմանցի հյուրերի թվում կենտրոնական բանկերի չորս ղեկավարներ կան եւ բազմաթիվ գործարարներ:
Ցուցարարներն իշխանությունից պահանջում են նույնականացման համարների վերաբերյալ վերջնական որոշում կայացնել, առանց որոնց 2013թ. փետրվարի 12-ից հետո ծնվածները չեն կարողանում անձնական փաստաթղթեր ստանալ:
Նորածիններին համարներ տրամադրելու գործընթացը դադարեցվել էր երկրի Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան օրենքը չեղյալ ճանաչվելուց հետո: Սակայն կուսակցական վեճերի պատճառով նոր օրենք առայսօր չի ընդունվել:
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, բողոքողները ծեծել են նախարարների խորհրդի նախագահ Վեկոսլավ Բեւանդայի թիկնապահներից մեկին:
Բոսնիա եւ Հերցեգովինայի կառավարությունում ավագ խորհրդական աշխատող Ալվիդ Հուբիյարը ցուցարարներին սպառնացել է քրեական հետապնդմամբ, անվտանգության նախարար Ֆահրուդին Ռադոչիչը կոչ է արել մարդկանց շենքը լքելու հնարավորություն տալ:
Արտասահմանցի դիվանագետներն իրենց հերթին քաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ բռնությունից եւ իշխանությունների խելամտության հույս հայտնել:











