ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքի բնակիչ Վիշալ Թհաքարը դատի է տվել իր բժշկին՝ պլաստիկ վիրահատության արդյունքում իրեն առանց քիթ թողնելու համար:
Ըստ ամերիկացու՝ 2006թ. ինքն ամուսնալուծվել էր: Հաղթահարելով ընկճախտը՝ ցանկացել էր կտրուկ փոխել կյանքը եւ դիմել էր պլաստիկ վիրաբույժի: Նա նույնիսկ չէր էլ ենթադրել, որ փոխվելու ցանկությունն իր համար ողբերգություն է դառնալու:
Ըստ տղամարդու՝ Անջելո Քուզալինա անունով բժիշկն իրեն վստահեցրել էր, որ սովորական վիրահատություն է, ոչ մի բարդություն չի առաջանա: Սակայն վիրահատական առաջին միջամտությունից հետո Վիշալն զգացել էր, որ դժվար է շնչում:
«Ես ստիպված էի նրան դիմել տարեկան ութ անգամ, որպեսզի նա շտկեր բոլոր սխալները», - ասում է հիվանդը: Հերթական վիրահատությունից հետո նա արթնացել էր սարսափելի ցավով: Հայելու մեջ նայելով՝ ցնցված Վիշալը հասկացել էր, որ բժիշկն իրեն առանց քթի է թողել: «Քուզալինան ինձ ասաց, որ վարակ է ներթափանցել: Բժիշկը միանգամայն հանգիստ ինձ բացատրեց, որ ինքը որոշել է կտրել քիթս, քանի որ ես անգիտակից էի, իսկ գործել պետք էր արագ», - պատմել է հիվանդը, հաղորդում է Life News-ը:
Վիրաբույժը կտրականապես հերքում է մեղքը եւ փորձում ամեն կերպ խուսափել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ որեւէ շփումից: Մի քանի ամիս առաջ Թհաքարը լավագույն փաստաբանների է վարձել՝ դատարանում իր իրավացիությունն ապացուցելու համար:











