Լոս Անջելեսի Սանտա Մոնիկա արվարձանում փողոցի հսկող տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է մի տղամարդ կրակում անցորդի վրա եւ թաքնվում:

Հիշեցնենք, վերջին տվյալով՝ անհայտ անձի կրակոցներից չորս մարդ է զոհվել: Կասկածյալները երկուսն էին, նրանցից մեկին բռնել, երկրորդին սպանել են: Ձերբակալվածը կին է՝ Լորա Սիսկ անունով: Պարզվում է, նա ոչ թե «հրաձիգի» համախոհը, այլ նրա պատանդն է եղել:

Մարդասպանն իր երթը քաղաքում սկսել է տեղական ժամանակով ժ.11:50-ին: Ականատես է դարձել հարեւանուհին, հայտնում է ՆՏՎ-ն:

Կինը պատմել է, որ կրակոց լսելով՝ վազել է  դուրս: Հարեւանի տունն այրվում էր, իսկ դրա մոտ հրացանը ձեռքին մի երիտասարդ էր կանգնած: Այդ պահին երկու մեքենաներ են երեւացել: Տղամարդը կին վարորդից պահանջել է իրեն քոլեջի մոտ տանել, սակայն վախեցած կինը հապաղել է, եւ հանցագործը թեթեւակի վնասվածք է հասցրել նրան:

Ճանապարհին տղամարդը պատուհանից առանց նշան բռնելու անկանոն կրակել է այս ու այն կողմ: Երբ մի ավտոբուսի կողքով են ընթացել, մարդասպանը սկսել է կրակել դրա պատուհաններին: Հետո նա կրակել է Ford Explorer-ի ուղղությամբ: Վարորդը տեղում մահացել է: Քոլեջ հասնելով՝  հրաձիգն իջել է մեքենայից, իսկ Լորա Սիսկը փորձել է փախչել: Քիչ անց ոստիկանները հանցագործին սպանել են Սանտա Մոնիկայի քոլեջի գրադարանում:

Այրված տանը հրշեջները գնդակահարված երկու տղամարդկանց դիակներ են գտել՝ 55-ամյա Սամիր Ցավարիի եւ նրա ավագ որդու: Ամենայն հավանականությամբ, կրակողը սպանվածի կրտսեր որդին է եղել:

Լորա Սիսկը հարցաքննությունից հետո ազատ է արձակվել: