Բուդապեշտում հունիսի 8-ին ջրի մակարդակը հասել է 843 սմ-ի: Հունիսի 10-ի վաղ առավոտյան մայրաքաղաքում ջրի բարձրագույն մակարդակ է սպասվում՝ 885 սմ, որը 25 սմ-ով բարձր է 2002 եւ 2006թթ. ռեկորդից:

Հունիսի 8-ին ջուրը ծածկել է արեւմտյան Դյոր քաղաքի մի մասը, իսկ Կոմարոմ քաղաքում ջրի մակարդակը հասել է 840 սմ-ի: Էստերգոմում ամրացնում են ամբարտակները, հարյուրավոր մարդիկ տարհանվել են, այդ թվում՝ Բուդապեշտի ծայրամասերից, որտեղ տներում սկսել է ջուր լցվել:

Մոտ 4,6 հազար հունգարացի զինծառայողներ Դանուբի շրջանում մասնակցում են վարարումների հետեւանքների վերացմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Vesti.ru-ն տեղեկացնում է, որ Սլովակիայում ջրհեղեղը նահանջել է, Դանուբի ջրի մակարդակը անցնող գիշեր իջել է մոտ մեկ մետրով:

Բրատիսլավայում ջուրը գրեթե բոլոր կողմերից կրկին լցվել է Դանուբը: Միայն Դեւին արվարձանում է մնացել: Տեղի բնակիչները հիմնականում չեն լքել տները, նրանց սնունդ եւ խմելու ջուր են մատակարարում զինծառայողները: