Ավստրալացի լողորդուհի Խլոյա Մաքքարդելը հարկադրված է եղել դադարեցնել Կուբայի եւ ԱՄՆ-ի միջեւ տեղակայված Ֆլորիդայի նեղուցով լողորդությունը: 11 ժամ ջրում մնալուց հետո նա որոշել է կանգ առնել՝ թունավոր մեդուզայի կծելուց հետո: Սպորտսմենուհուն արագանավով տեղափոխել են Ֆլորիդա:

Սպորտսմենուհու մեկնակետը Կուբայի մայրաքաղաքի արեւմուտքում գտնվող «Մարիա Հեմինգուեյ» ակումբն էր եղել, նա մտադրվել էր աշխարհի բարդագույն մարաթոնյան լողորդության համար 60 ժամ ծախսել:

Ճանապարհին լողորդուհուն ուղեկցում էին մի քանի մակույկավարներ, որոնք հետեւում էին իրադրությանը եւ էլեկտրական թույլ ազդակների միջոցով հետ վանում շնաձկներին:

Եթե լողորդությունը բարեհաջող ավարտվեր, Խլոյա Ֆլորիդայի նեղուցն առանց հակաշնաձկնային հատուկ վանդակի լողալով հաղթահարած  առաջին մարդը կդառնար, հայտնում է vesti.ru-ն:

Միակ կինը, որը լողալով Կուբայից հասել էր ԱՄՆ՝ նման սարքավորման օգնությամբ, 22-ամյա ավստրալուհի Սյուզի Մարոնին է եղել՝ 1997թ.: