Ֆիլադելֆիայում բաեհաջող կերպով իրականացվել է 10-ամյա ամերիկուհի Սարա Մուրնահենի թոքերի փոխպատվաստման վիրահատություն: Աղջիկը տառապում էր մահացու հիվանդությամբ:

Սարայի պատմությունը բոլոր ամերիկյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Ամերիկյան օրենսդրության համաձայն, մինչեւ 12 տարեկան երեխաները, ովքեր ունեն փոխպատվաստման կարիք, պետք է սպասման «մանկական» ցուցակում սպասեն դոնորային օրգանների: Այդ մանկական ցուցակում հերթն ավելի դանդաղ է առաջ գնում, քան մեծահասակների համար նախատեսված ցուցակում:

Սարան հերթում սպասել է 1,5 տարի: Սակայն աղջկա վիճակը սկսել է արագորեն վատանալ եւ նրա ծնողները դիմել են դատարան` խնդրելով թույլ տալ աղջկան ընդգրկել մեծահասակների ցուցակում: Նախորդ շաբաթ նրանց հայցը բավարարվել է: Կարճ ժամանակում հաջողվել է գտնել դոնորին եւ բարեհաջող կերպով ավարտին հասցնել վիրահատական գործընթացը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: