Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը շնորհավորել է Հայաստանին` թրաֆիքինգի դեմ պայքարը բարելավելու համար:
Ինչպես դեսպանն է նշելի իր վիդեոբլոգում, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հունիսի 19-ին հայտարարել է այն մասին, որ Հայաստանը բարելավել է իր կարգավիճակը եւ ներառվել է առաջին խումբ երկրների ցանկում, որոնք ունեն առավելագույն ցուցանիշներ:
Դեսպանի խոսքով` թրաֆիքինգի կանխարգելումը, զոհերին զատելն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելը ԱՄՆ հիմնական նպատակներն են այս ոլորտում: Զեկույցում երկրները դասակարգվում են ըստ կառավարությունների ջանքերի` համապատասխանելու թրաֆիքինգի կանխարգելման նվազագույն ստանդարտներին:
«Այս զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանն այժմ թրաֆիքինգի դեմ ամենահաջող կերպով պայքարող երկրներից է»,-հավելել է նա:
Հեֆերնը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրել է ավելի քան 2 մլն դոլար` թրաֆիքինգի դեմ պայքարելու: Նա նշել է, որ դեսպանատունն աշխատում է ոչ կառավարական կազմակերպությունների եւ լրագրողների հետ` ընդգծելով նաեւ ԵԱՀԿ օգնությունն այդ հարցում:
«Սակայն այն փաստը, որ Հայաստանին դասել են առաջին խմբին, դեռեւս չի նշանակում, որ այստեղ թրաֆիքինգ չկա: Հակառակը, դա ցույց է տալիս, որ կառավարությունը գիտակցում է խնդիրը եւ դրա լուծման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում»,-եզրափակել է դիվանագետը:











