Հրդեհ է բռնկվել Լատվիայի նախագահի նստավայր Ռիգայի ամրոցում:  Վտանգի տակ են պատմական թանգարանի անգին նմուշները: Ներկայումս հրշեջները փորձում են մարել տանիքի կրակը: Ըստ Delfi-ի հաղորդման` շենքն արդեն այդքան էլ սաստիկ չի այրվում, թեեւ որոշ հատվածներում  կրակ է նշմարվում:

Հրդեհը սկսվել է հունիսի 20-ի ուշ երեկոյան: Գրեթե ամբողջությամբ այրվել է Ռիգայի ամրոցի տանիքը, որից հետո այն փլուզվել է: Դեռ չի հաջողվել տեղայնացնել կրակը: 

Լատվիայի մշակույթի նախարար Ժանետա Յաունզեմե Գրենդեն հրշեջների հետ մտել է այրվող շենք՝ համոզվելու, որ թանգարանի ցուցանմուշները չեն վնասվել , հայտնում է  «ԱիՖ»-ը:

Ռիգայի ամրոցը վերանորոգվում էր անցյալ տարվա դեկտեմբերից, շարունակվում էին երեսպատման աշխատանքները:
Լատվիայի Ազգային պատմական թանգարանի տնօրենը հայտնել է, որ տուժել են որոշ նմուշներ, սակայն վերջինսչի կարողացել գնահատել վնասը, գրում է «polit.ru»-ն:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Լատվիայի մշակույթի նախարար Ժանետա Յաունզեմե Գրենդեն հունիսի 21-ի առավոտյան հրդեհի առնչությամբ Ճգնաժամային կոմիտեի արտակարգ նիստ է գումարել:

Ռիգայի ամրոցը գտնվում է Ռիգա քաղաքում` Դաուգավայի ափին: Ռիգայի ամրոցի պատմությունը սկսվում է 1330թ.-ից,  երբ դրա շինարարությանը ձեռնամուխ էին եղել  այն ժամանակվա քաղաքի սահմաններից վտարված ասպետները: Սկզբում ամրոցում բնակվել են լեհերը (1578-1621), իսկ հետո շվեդները (1621-1710) : Լատվիայի անկախությունից հետո Ռիգայի ամրոցը հռչակվել էր նախագահի նստավայր: