Հնդկաստանի հյուսիսում սողանքների ու ջրհեղեղների արդյունքում զոհերի թիվը կարող է հասնել 6500-ի, հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:

Աղետը հիմնականում հարվածել է Ուտտարկխանդ նահանգին: Փրկարարական օպերացիային խոչընդոտում են եղանակային անբարենպաստ պայմանները եւ թանձր մառախուղը: Ջրով հեղեղված տարածքներից տարհանվել են տասնյակ հազարավոր մարդիկ: Սակայն շատերին դեռեւս չի հաջողվում տարհանել: Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով Associated Press-ին, Հնդկաստանի հյուսիսում զոհերի հաստատված թիվը կարող է հասնել հազարի:

Երկրի հյուսիսում հունիսի 14-17 տեղացած հորդառատ անձրեւները հիմնական գետերի հեղեղմանն են հանգեցրել: Փրկարարական աշխատանքներին մասնակցում են ավելի քան 8 հազար զինվորականներ եւ 3 հազար սահմանապահներ, ինչպես նաեւ մոտավորապես 55 ուղղաթիռներ: