Google-ի լոգոտիպը հունիսի 25-ին նվիրված է կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի 161-րդ տարեդարձին, որը ձեւի նորարար էր եւ ճարտարապետության մեջ մոդեռնիստական ու արտ-նուվո ոճերը համադրող ամենավառ ներկայացուցիչը: Գլխավոր էջում լոգոտիպի տառերի փոխարեն վարպետի ստեղծագործության հատվածներ են, նախշեր, որոնք քաջ ծանոթ են արվեստասերներին:

Անտոնիո Գաուդի ի-Կորնետը (1852-1926) կյանքի ընթացքում ճարտարապետական 18 նախագիծ է կյանքի կոչել, նրա կառույցները մեծամասամբ գտնվում են Բարսելոնայում: Հայրենի նահանգի կենտրոնական քաղաքը նրա համար դարձել էր տուն եւ լաբորատորիա, որտեղ իրագործում էր իր ճարտարապետական արտասովոր փորձարկումները:

Սուրբ ընտանիքի տաճարը Անտոնիո Գաուդիի ստեղծագործության գագաթն է: Հոյակերտ եկեղեցին սկսել էին կառուցել դեռեւս 1882թ., թեեւ Գաուդին ինքը նախագծում ներգրավվել էր  1884թ.: Մինչեւ իր մահը նա ամբողջ ժամանակը նվիրել է հենց այդ շինարարությանը՝ երբեմն անցում կատարելով այլ նախագծերի, իսկ 1914թ.-ից ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է եկեղեցու վրա:

1926թ. ճարտարապետի ողբերգական մահը շինարարությունը դադարեցնելու պատճառ չհանդիսացավ, այն շարունակվում է մինչ օրս: Կառուցման ավարտը նախատեսվում է  2026թ.:

Անտոնիո Գաուդիի կյանքն ընդհատվել է անիմաստ եւ ողբերգական հանգամանքներում. 1926թ. հունիսի 7-ին 73-ամյա ճարտարապետն ուղեւորվել էր Սանտ-Ֆելիպ-Ների եկեղեցի եւ չէր նկատել մոտեցող տրամվայը: