Պակիստանում պրոդյուսերը թթվային լուծույթ է լցրել երգչուհու դեմքին ամուսնանալուց հրաժարվելու համար: Իր պրոդյուսերի կողմից հարձակման է ենթարկվել 18-ամյա դերասանուհի եւ երգչուհի Բուշրա Վայզը, ով հանդես է գալիս Շազիա Ազիզ կեղծանունով:

CNN-ի փոխանցմամբ, դաժան միջադեպը տեղի է ունեցել դեռ հունիսի 22-ին, սակայն միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվել է երեք օր անց: Աֆղանստանին սահմանակից Նոուշերա քաղաքում տղամարդը գալով երգչուհու տուն, առաջարկել է իր ձեռքն ու սիրտը: Մերժում ստանալով՝ նա Վայզի դեմքին քիմիական լուծույթ է լցրել, հաղորդում է «Վեստի.ru»-ն:

Դերասանուհին դեմքի աջ հատվածի լուրջ այրվածք է ստացել, այրվել են նաեւ աչքերը, ձեռքերն ու ոտքերը: Մայրն ու եղբայրը փորձել են օգնել նրան, սակայն իրենք էլ վիրավորվել են: Ներկայումս աղջիկը գտնվում է Փեշավար քաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: