Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսային աղքատ Մարե թաղամասում ոստիկանության հատուկ գործողության ընթացքում մեծ քանակությամբ զենք եւ թմրամիջոցներ են առգրավվել: Ոստիկանների ու հանցագործների բախման հետեւանքով զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատի մեկ աշխատակից:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ, օգտվելով հակակառավարական ցույցերի խառնաշփոթից՝ տեղի հանցախումբը սկսել էր փողոցային թալանը:
Հատուկջոկատայիններին կանչել էին այն բանից հետո, երբ երեքշաբթի գիշերը հերթապահ ոստիկանները ցանկացել էին բռնել հանցախմբին: Հանցագործները զինված դիմադրություն էին ցույց տվել եւ փախուստի դիմել:
Ամբողջ գիշեր շարունակվել էր փոխհրաձգությունը, արեւածագին ոստիկանությունը հայտարարել էր, որ սպանվածներից վեցը թմրամաֆիայի գրոհայիններ են: Տեղի մեկ բնակիչ էլ սպանվել է պատահական գնդակից: Եվս մեկ սպանվածի ինքնությունը ճշտվում է:
Հատուկ գործողության ընթացքում առգրավել են գնդացիր, բանակային չորս ինքնաձիգ, երկու գնդացիր-ատրճանակ եւ վեց ատրճանակ, ինչպես նաեւ 10 մեկանգամյա չափաբաժնով կոկաին եւ մեծ քանակությամբ մարիխուանա:
Երեքշաբթի օրը Մարեի բնակիչները ցանկացել էին բողոքի ցույց կազմակերպել հատուկջոկատայինների զինված ներխուժման դեմ, սակայն ոստիկանները ցրել էին նրանց:
Մարեում մինչեւ վերջերս ոստիկանական հենակետեր էին տեղակայված: Թմրաթրաֆիքի տիրապետության տակ հայտնված աղքատ թաղամասերում իրավապահները կարգուկանոն են հաստատում նախորդ տարի Ֆուտբոլի աշխարհի առաջնության եւ Օլիմպիադա-2016-ի ընթացքում հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով:











