Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի համակիրները նրա աջակցության հանրահավաք են կազմակերպել Հռոմի կենտրոնական հրապարակում: Մասնակիցները «Մենք բոլորս մարմնավաճառ ենք» գրությամբ պաստառներ են ունեցել: Հանրահավաքին մասնակցել է 300-400 մարդ, որոնցից 100-ը՝ լրագրողներ: Ներկա է եղել նաեւ Բեռլուսկոնիի 27-ամյա նեոպոլիտանացի հարսնացու Ֆրանչեսկա Պասկալին:
Իտալական լրատվամիջոցները գրում են, որ ցույցի կազմակերպիչը աջակենտրոն Il Foglio թերթն է եւ, մասնավորապես, նրա գլխավոր խմբագիր Ջուլիանո Ֆերարան՝ Բեռլուսկոնիի մտերիմ ընկերը: Բողոքի ցույցի նախօրեին Ֆերարան համացանցում տեսահոլովակ էր տեղադրել, որտեղ շուրթերին կարմիր շրթներկ էր քսում, հայտնում է utro.ru-ն: Ցույցն ավարտվել է Rolling Stones-ի «Ruby Tuesday» երգով, որի անվանումը տվյալ դեպքում կարելի է թարգմանել որպես «Ռուբիի երեքշաբթին»:
Հիշեցնենք, որ Միլանի դատարանը Բեռլուսկոնիին դատապարտել էր յոթ տարվա ազատազրկման: 76-ամյա քաղաքական գործիչը մեղավոր էր ճանաչվել անչափահասներին մարմնավաճառության դրդելու մեջ: Ըստ քննիչների՝ քաղաքական գործիչը սեռական կապ է ունեցել Ռուբի կեղծանվամբ մարոկացի Քարիմա էլ-Մարուգի հետ, երբ վերջինս դեռ 18 տարեկան չկար: Դատախազները պարզել էին, որ նախկին վարչապետը կապ է ունեցել նաեւ 33 այլ աղջիկների հետ, որոնք մասնակցել են Միլանի մոտ գտվող առանձնատան էրոտիկ երեկույթներին:











