Հնդիկ լրագրող Նարայյան Պարգայյեն յուրահատուկ ձեւ է ընտրել` ջրհեղեղի մասին ռեպորտաժը մատուցելու: Նա զոհերի մասին հաղորդել է փրկված տեղի բնակիչներից մեկի ուսերին նստած: Հեռուստադիտողը նրա հասցեին մի շարք քննադատություններ է հնչեցրել:

Տեսագրությունում երեւում է, որ կիսահեղեղված բնակավայրի բնակիչներից մեկը` ոտքերը ջրի մեջ, ուսերին պահում է լրագրողին, ով պատմում է զոհերի եւ փլուզումների մասին:

Պատասխանելով այն հարցին, թե ինչն է ստիպել նրան բարձրանալ մարդու ուսերին, լրագրողը պատասխանել է, որ չի խորշել մինչեւ ծնկները ջրում անցնելուց: Սակայն տուժածն այնքան շնորհակալ է եղել օգնության համար, որ ինքն է առաջարկել տանել լրագրողին` քանի դեռ վերջինս ռեպորտաժ էր վարում: Բացի այդ, լրագրողը դժգոհել է օպերատորից, ով պետք է նկարեր նրան միայն մինչեւ կուրծքը, այդ կերպ կադրում չպետք է հայտնվեր այն մարդը, ում ուսերին նա նստած է եղել, գրում է NEWSru.com-ը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», մոտ 90 հազար մարդ տարհանվել է, հիմնականում օդային ճանապարհով: Տարերքի զոհ է դարձել ավելի քան 1000 մարդ: