Եգիպտոսում տեղի են ունեցել նախագահ Մուրսիի կողմնակիցների եւ ընդդիմադիրների ցույցեր: Երկրի հյուսիսում բախումների հետեւանքով զոհվել է ԱՄՆ-ի մեկ քաղաքացի:
Ըստ նախնական տվյալների` ամերիկացին դանակահարվել է Ալեքսանդրիայի «Մահմեդական եղբայրներ» շարժման գլխավոր գրասենյակի մոտ բջջայինով կատարվածը նկարահանելիս:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ 21-ամյա Էնդրյու Բարուսոն Ալեքսանդրիայում անգլերենի դասախոս է աշխատել, իսկ խռովություններն սկսվելուց մի քանի օր առաջ դեպքի վայրից նկարահանումներ կատարելու խնդրանքով նրան էր դիմել ամերիկյան լրատվական մի գործակալություն: Ամերիկացու մահվան լուրից հետո ԱՄՆ-ի իշխանությունները Եգիպտոսում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մի մասին թույլ են տվել լքել երկիրը, իսկ քաղաքացիներին առաջարկել են հնարավորության դեպքում ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս մեկնելուց:
Ընդդիմության եւ իսլամիստների ներկայացուցիչների բախումների հետեւանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են: Իշխանությունները ստիպված են եղել ներգրավվել հատուկ նշանակության ջոկատին եւ ռազմական ուղղաթիռներ` բռնությունը դադարեցնելու համար:
Եգիպտոսի հյուսիսում բախումների հետեւանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մուրսիի հազարավոր կողմնակիցներ հավաքվել են Կահիրեի Նասր թաղամասի գլխավոր մզկիթի շուրջ: Նրանք հայտարարել են Մուրսիի նախագահության օրինականության մասին` ժխտելով պետության ղեկավարի հրաժարականի պահանջով ընդդիմադիրների կոչերը: Նախագահի կողմնակիցները «անժամկետ ցույցեր»` են կազմակերպել Մուրսիի պաշտոնավարման մեկ տարին լրանալուց երկու օր առաջ:
Մուրսիի ընդդիմադիրները դուրս են եկել Կահիրեի փողոցներ: Ընդդիմությունը մտադիր է հունիսի 30-ին բողոքի զանգվածային ցույց անցկացնել` նախագահի հրաժարականի պահանջով:











