Google որոնողական կայքի գլխավոր էջին լոգոտիպի տառերն այսօր՝ հուլիսի 3-ին, միջատների տեսքով են, իսկ երկու «Օ» տառերը ներկայացված են բացվող դռան տեսքով, որից դուրս է գալիս սարսափելի միջատի տեսք ստացած Գրեգոր Զամկան (Կաֆկայի «Կերպարանափոխություն» պատմվածքի գլխավոր հերոսը): Այսկերպ Google-ը նշում է 20-րդ դարի մեծագույն գրողներից մեկի՝ Ֆրանց Կաֆկայի ծննդյան 130-մյակը:

Մահվանից առաջ Կաֆկան խնդրում է իր մտերիմներին այրել իր բոլոր ստեղծագործությունները: Նրա սիրելին` Դորա Դիմանտը, ով իրեն Դորա Կաֆկա էր անվանում, հենց այդպես էլ վարվում է այն գործերի հետ, որոնք իր մոտ էին: Սակայն Ֆրանց Կաֆկայի մտերիմ ընկեր` Մաքս Բորդը, չի կատարում ընկերոջ վերջին խնդրանքը: Ընդհակառակը` նրան հաջողվում է հավաքել ընկերոջ ստեղծագործությունների մեծ մասը եւ հրատարակել դրանք:

Ավստրիացի գրող Ֆրանց Կաֆկան ծնվել է 1883թ. հուլիսի 3-ին Պրահայում (Չեխիա, այն ժամանակ` Ավստրո-Հունգարիա):

Ինքը` Կաֆկան, հրատարակել է իր ստեղծագործությունների միայն 4 ժողովածուներ` «Դիտում», «Գյուղական բժիշկը», «Պատիժներ» եւ «Քաղց», ինչպես նաեւ «Հնոցապանը»` «Ամերիկա» վեպի առաջին գլուխը եւ մի քանի փոքր ստեղծագործություններ: Նրա հիմնական ստեղծագործություններն են` «Ամերիկա», «Դղյակը», «Դատավարություն» եւ «Կերպարանափոխություն» վեպերը: 
Կաֆկայի ստեղծագործությունները բարդ են, անհեթեթ, միեւնույն ժամանակ սարսափելի, հիասքանչ եւ ցնցող: Դրանցում փիլիսոփայությունը խառնվում է անհեթեթության հետ, իսկ իրականությունը տարրալուծվում է մտացածինի հետ: