Asiana Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing-777 օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում, հաղորդում է BBC-ն: Տեղական KTVU հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 10-20 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, երկու մարդ զոհվել է: Այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել:
Օդանավը ժամանել էր Սեուլից: Քննությունը ահաբեկչության վարկածը չի քննարկում, հաղորդում է ABC News հեռուստաալիքը:
НТВ-ի տվյալներով՝ Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում մեկը մեկի հետեւից ժամանում ու հեռանում են շտապօգնության մեքենաները: Բժիշկները շտապում են վիրավորներին արագ հասցնել հիվանդանոց: Դեռեւս հայտնի չէ, թե քանի ուղեւորի է հաջողվել ողջ մնալ:
Դեռեւս տեղեկություններ չկան նաեւ այն մասին, թե այդ պահին քանի ուղեւոր է եղել օդանավում: Օդանավը գրեթե լիքն է եղել, իսկ Boeing 777-ը կարող է տեղավորել մինչեւ 400 ուղեւոր:











