Երեկ`հուլիսի 6-ին, Վանաձորում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված վարորդի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նշեց Վանաձորի բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Պապյանը, նշելով, որ վերջինս ստացել է աջ քունքային շրջանում բազմաթիվ վնասվածքներ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Վանաձորի Բաղրամյան փողոցում իրար էին բախվել «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի 73 VQ 333 համարանիշի եւ «Օպել» մակնիշի 35 UT 795 համարանիշի մեքենաները:
Բախման արդյունքում «Նիվա»-ն շրջվել է: Տեղում հավաքված քաղաքացիները մեծ դժվարությամբ մեքենայից դուրս էին բերել ավտոմեքենայի վիրավոր վարորդին, որին քիչ ուշ ժամանած շտապօգնության մեքենան տեղափոխել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
«Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, բարեբախտաբար, վնասվածքներ չէր ստացել: 2 ավտոմեքենաներում էլ ուղեւորներ չեն եղել:
«ՎԱԶ 2121»-ը վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ Գրիգոր Ավագյանը, իսկ «Օպել»-ը՝ նույն քաղաքի բնակիչ Սոս Անտոնյանը:
Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկաններն ու Լոռիի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները:



Լուսանկարներն ու տեսանյութը`Էդվարդ Արզումանյանի











