Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 12-ին արտակարգ միջադեպ է եղել:

«Yerkir.am»-ի փոխանցմամբ, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացքող` խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու մեջ մեղադրվող 9 անձանց  գործով նիստի ընթացքում ամբաստանյալ  Արթուր Պետրոսյանի մայրը`  տիկին Լալան, պլաստիկ շիշ շպրտեց  մեղադրող դատախազի ուղղությամբ, ինչից հետո դահլիճում մեծ իրարանցում սկսվեց: Կարգազանց կնոջը հանգստացնելու եւ դահլիճից դուրս բերելու համար դատական կարգադրիչներից մեծ ջանք պահանջվեց:

Մեղադրող դատախազ Վիգեն Միլիտոնյանն իր մեղադրական ճառում  Արթուր Պետրոսյանի համար պահանջել էր  15, իսկ նրա կնոջ` Ալլա  Մախովայի համար` 10 տարվա ազատազրկում:

Ըստ մեղադրանքի`  Արթուր Պետրոսյանը ՀՀ ԱՆ «Հրազդան» եւ «Սեւան»քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման ընթացքում, իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու դիտավորությամբ, Ալբերտ Հարությունի Հակոբյանի օժանդակությամբ 2012թ. մայիսի 3-ին Գագիկ Վիլիկի Քերոբյանից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել զգալի չափի, իսկ 2012թ. օգոստոսի 8-ից մինչեւ 21-ն ընկած ժամանակահատվածում՝ Ալբերտ Հակոբյանի եւ իր կնոջ օժանդակությամբ՝ ընդհանուր 14 դեպքով, քննությամբ դեռեւս չպարզված անձանցից՝ խոշոր չափերով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր, որոնք վերջիններիս օժանդակությամբ իրացնելու նպատակով պահել եւ իրացրել է Արտաշես Բաղումյանին եւ այլ անձանց։ Բացի այդ, կրկին իրացնելու նպատակով 2012թ. օգոստոսի 21-ին փորձել է ձեռք բերել խոշոր չափի նույն տեսակի թմրամիջոց, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Առավել մանրամասն կարդացեք այստեղ