Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեկնել է  Փարիզից 16 կմ հարավ գտնվող Էսոն դեպարտամենտ: Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախագահն ուղեւորվել է վթարի վայր` վնասի չափը գնահատելու եւ փրկարարներին ու տուժածներին աջակցելու նպատակով:  

Խոսելով կատարվածի պատճառների մասին` Ֆրանսուա Օլանդն ասել է, որ «ինչ-որ հարված է տեղի ունեցել, սակայն այդ հարվածի բնույթը դեռ պետք է պարզել», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ ճշտված տեղեկությունների` Փարիզից Լիմոժ ուղեւորված գնացքի վթարի զոհ է դարձել վեց մարդ:  Եվս 12 ուղեւոր տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 9-ը ծանր վիճակում են: 192 ուղեւորներ ավելի թեթեւ վնասվածքներ են ստացել։
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի էր ունեցել հուլիսի 12-ին` տեղի ժամանակով 17:00-ին,  Փարիզից հարավ գտնվող Էսոն դեպարտամենտում: Մոտենալով կայարանին` անհայտ պատճառով գնացքը ընկել էր ռելսերից:

Ուղեւորատար գնացքը վթարի է ենթարկվել Ֆրանսիայում. կան զոհեր

 ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նաեւ հայտնում է, որ վթարի ենթարկված ուղեւորատար գնացքի մեքենավարը կայարանին մոտենալուց առաջ գրանցել էր ոչ սովորական վիճակ եւ հասցրել միջոցներ ձեռնարկել: Նրա գործողությունների շնորհիվ կանխվել էր վթարային գնացքի բախումը դիմացից եկող գնացքին:

Ըստ նախնական տվյալների` գնացքը ռելսերից կարող էր ընկնել սաստիկ տապից դրանց դեֆորմացման պատճառով, հայտնում է Life News-ը: