Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մալցեւը, հուլիսի 17-ին, բողոք կներկայացնի ոստիկանների գործողությունների դեմ, որոնք իր պաշտպանյալին կանացի խալաթով դատարան էին տեղափոխել: Այս մասին փաստաբանը հայտնել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: Միաժամանակ, փաստաբանը չի պատրաստվում դրանով սահմանափակվել, մտադիր է նաեւ բողոք ներկայացնել նաեւ 20-րդ հիվանդանոցի աշխատակիցների գործողությունների դեմ, որոնք Հարությունյանին հանձնել են ոստիկաններին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին կայացել է դատարանի նիստը, որն ավարտվել է Հրաչյա Հարությունյանի կալանավորման որոշումով: Նրան դատարանի դահլիճ են բերել կանացի ծաղկավոր խալաթով եւ հողաթափերով: Նման ստորացուցիչ վերաբերմունքը բուռն հակազդեցություն է առաջացրել Հայաստանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը «նոր Մոսկվայում» բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Տեսանյութում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձում է խուսափել բախումից եւ կտրուկ շրջադարձ է կատարում: Այդ հնարքի արդյունքում բեռնատարը ճակատով բախվել է ուղեւորատար «ԼիԱԶ» ավտոբուսին, որը երկու մասի է բաժանվել:
Բեռնատարի վարորդին՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Հետաքննության վարկածներից մեկի համաձայն՝ վթարի պատճառը բեռնատարի խափանված արգելակներն են եղել:











