Մեծ աղմուկ բարձրացրած ֆեմինիստական Pussy Riot փանկ խումբը, որի երկու անդմաները ներկայումս բանտային պատիժ են կրում, իր նոր երգի համար հոլովակ է թողարկել: Երգը կոչվում է «Ինչպես կարմիր բանտում»: Այս անգամ աղջիկները իրենց «ֆիրմային» դիմակներով եւ գունավոր զուգագուլպաներով գրավել են «երկրի նավթային օբյեկտները», որտեղ էլ նկարահանել են տեսահոլովակը, հաղորդում են Pussy Riot-ի ներկայացուցիչներն իրենց բլոգում:

«Ինչպես կարմիր բանտում» երգի կատարման ժամանակ մենք առաջին անգամ դուրս եկանք Մոսկվայի սահմաններից եւ համառուսաստանյան շրջագայություն կատարեցինք՝ երկրի նավթային օբյեկտների գրավմամբ»,-ասված է խմբի տարածած հաղորդագրության մեջ: «Մենք որոշեցինք ինքնուրույն ուսումնասիրել նավթի արդյունահանումը եւ նավթագազային ոլորտի աշխատակիցների համար երգել մեր նոր երգը՝ կարմիր բանտի մասին», հաղորդագրությունը մեջբերում է NEWSru.com-ը:

Ակտիվիստները դեմ են հանդես գալիս երկրի կախվածությանը նավթի արտահանումից: Նրանք Ռուսաստանը համեմատում են արեւելյան երկրների՝ Իրանի, ԱՄԷ-ի ու Քաթարի հետ: