«Հայազն» կուսակցությունն, այսօր` հուլիսի 17-ին բողոքի ակցիա է կազմակերպել Ռուսաստանի դեսպանատան առաջ՝ ընդդեմ Մոսկվայում հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի (ֆոտոռեպորտաժ):
Կուսակցության ներկայացուցիչները նամակ փոխանցեցին դեսպանին: Նրանք նամակի հետ ցանկանում էին նաեւ ծաղկավոր խալաթ հանձնել, սակայն ոստիկանները հայտնեցին, որ խալաթը չեն կարող հանձնել, այլ դիմացի մայթում ունեն հայտարարությունների ցուցատախտակ եւ կարող են այնտեղ խալաթը կախել:
Ակցիայի կազմակերպիչները նշեցին, որ դատական պրոցեսից հասկացել են, որ խալաթը ռուսական պաշտոնյաների համար պաշտոնական հագուստ է, հետեւաբար որպես ցցուն դեպք, խորհրդանիշ, այդ խալաթը ցանկացան փոխանցել Ռուսաստանի դեսպանին:
«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ ակցիայի նպատակը բողոքն է այն անմարդկային վերաբերմունք դեմ, որը դրսեւորվում է Հրաչյա Հարությունյանի նկատմամբ: «Միանշանակ է, որ սա կանխամտածված սպանություն չէ: Մենք գործ չունենք մարդասպանի, ահաբեկչի, բռնաբարողի, մոլագարի հետ: Ցանկացած քաղաքակիրթ երկրներում պետք է արդար քննություն եւ դատավարություն ապահովվեր: Առավել եւս դեմ ենք այն ցեղապաշտական մթնոլորտին, որը ստեղծվում է»,-ասաց նա:
«Համացանցում կան տեսանյութեր՝ կապված չեչեն երիտասարդների հետ, որտեղ նրանք չափից դուրս խրոխտ են պահում իրենց ոստիկանության հետ, չափից դուրս վստահ են, քանի որ համոզված են, որ իրենք ունեն հայրենիք, իսկ մեզ վերաբերում են այսպես: Քանի որ հայերին ընկալում են թույլ, անհայրենիք եւ պաշտպան չունեցող անձանց: Ինչը շատ դժվար է անել այլ ազգի ներկայացուցչի վրա»,- նշեց Արմեն Հովհաննիսյանը: Նրա ընդգծեց, որ մինչեւ վերջին վայրկյանը մենք պետք է մեր հայրենակցի կողքին լինենք, հետեւենք, որ նրա իրավունքները եւ արժանապատվությունը դույզն իսկ չոտնահարվեն: Դատավարությունը պետք է լինի հնարավորինս արդար:
«Աստված չանի , եթե վճիռը լինի ազատազրկման հետ կապված, մենք հետամուտ պիտի լինենք, որ նա գա Հայաստան եւ պատիժը կրի այստեղ: Հետո Հայաստանի կառավարությունը կարող է, այլ որոշում կայացնել», - ավելացրեց Արմեն Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է նրան, թե գործով զբաղվում է հայ դատախազը, նա ասաց, որ «յան» ազգանունով մեր հայրենակիցներին, որոնց մեկ-մեկ ուղարկում են մեզ դասեր տալու համար, հասկանում են նրանց հայ լինելու պարագան: «Ես համոզված եմ, որ այդ հայ տիկինը լինելու է առավել ագրեսիվ Հրաչյայի նկատմամբ, որպեսզի ապացուցի, որ նա անաչառ է»,-համոզմունք հայտնեց Արմեն Հովհաննիսյանը:
«Հայազն» կուսակցության վարչության անդամ Հայկ Ղազարյանն էլ ընթերցեց բաց նամակն ուղղված ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանին, նշելով. «Խորապես հարգելով եւ ցավակցելով Ռուսաստանի Դաշնությունում «Նոր Մոսկվայի» տարածքում ավտովթարից զոհված եւ տուժած բոլոր քաղաքացիների ընտանիքներին հայտնում ենք մեր խորը մտահոգությունը եւ վրդովմունքը կապված դեպին հաջորդող իրավական գործընթացի հետ: Համացանցում տեղադրված տեսանյութում երեւում է, թե ինչպես ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը արդեն իսկ նախաքննության փուլում քաղաքակիրթ երկրի դատական համակարգի համար անընդունելի նվաստացումների է ենթարկվում: Մասնավորապես դատարանի դահլիճ ներկայացած կանացի խալաթով եւ ակնհայտորեն հիվանդանոցից վաղաժամ դուրս է բերված: Հատուկ ուշադրության է արժանի Ռուսական մամուլում տարածվող եւ հանրության մեջ արհեստականորեն հաստատվող Հայաստանի քաղաքացու բացասական կերպարը վաղաժամ հաստատվում է նրա մեղավոր լինելը եւ մեղքի աստիճանը: Շովինիստական եւ մարդկային արժանապատվությունը այլեւայլ կերպով ոտնահարող պիտակներ են կպցնում: Ինչպես վարորդ մարդասպան, վարորդ բառաչում է եւ այլն: Այս ամենը շովինիզմ է դաժանություն, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք եւ հայ-ռուսական հարաբերություներին ուղղված սպառնալիք: Պահանջում ենք դադարեցնել նման գործողությունները եւ ՀՀ քաղաքացու համար քաղաքակիրթ քննություն եւ արդար դատավարություն ապահովել»:
Ակցիայի չէին մասնակցում Հրաչյա Հարությունյանի հարազատները, սակայն կազմակերպիչները փոխանցեցին, որ բոլորն էլ այդ պահին Հրաչյա Հարությունյան են, ինչպես նաեւ նշեցին, որ նրա դուստրը շնորհակալություն է հայտնել ուշադրության համար:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











