Երեւանի քաղաքապետարանի դիմաց տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ անցկացվող բողոքի ակցիան ավարտվեց: Ակցիայի մասնակիցներից  Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը երկրորդ անգամ դուրս եկավ, փորձեց զրուցել ցուցարարների հետ, սակայն հարկադրված թողեց հեռացավ:

Ցուցարարները նրան հայտնեցին, որ ինքը հանրությանը ապատեղեկատվություն է տվել` ասելով, թե Հանրային խորհուրդը համաձայնություն է տվել տրանսպորտի ուղեվարձի բարձրացման առնչությամբ, մինչդեռ ցուցարարներին այցելած ՀԽ ներկայացուցիչ Վազգեն Սաֆարյանը ասել էր, որ նման բան չի եղել:

Ինչ վերաբերում է տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու վերաբերյալ քաղաքապետարանի հաշվարկներին, ապա «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի եւ Հենրիկ Նավասարդյանի միջեւ հետաքրքիր բանավեճ տեղի ունեցավ: «Բաբկեն Պիպոյանը ուղղակի փաստերով ապացուցեց, որ այն, ինչի մասին խոսում էին, անգամ այս պահին տրանսպորտի գինը շահույթ ունենալու պայմաններում թույլ է տալիս ունենալ 100 դրամով հասարակական տրանսպորտ, ավելին` փաստարկներ կային, որ տրանսպորտի սակագինը գտնվում է 70-80 դրամի շրջանակներում, հետեւաբար` քաղաքապետարանը ստում է»,- փոխանցեց Ստեփան Սաֆարյանը:

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն առաջարկել է ցուցարարներից ստեղծել համապատասխան մասնագիտական խումբ, որը կներկայացնի իր հաշվարկները, հիմնավորումները: Ստեփան Սաֆարյանը նշեց, որ իրենք պնդել են, որ այդ հանձնաժողովը կարող է լինել ավագանու հանձնաժողովը, եւ բոլոր նրանք, ովքեր ասելիք ունեն եւ ցանկանում են ներկա գտնել, կարելի է հրավիրել եւ կազմակերպել քննարկումներ:

Ցուցարարները մտադիր են շարունակել բողոքի ակցիաները, հաջորդ ակցիայի վայրի եւ ժամի մասին առայժմ կոնկրետ որոշում չկա: Ստեփան Սաֆարյանն ասաց, որ բողոքի ակցիայի մասնակցողների մեջ տարբեր խմբեր կան, յուրաքանչյուրն ունի իր օրակարգը, պետք է փորձել մեկտեղել ուժերը, ուղղորդել ակցիան: Նրանք քննարկել են նաեւ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հարցը դատական կարգով վիճարկելու հարցը:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ, տրանսպորտի ուղեվարձը հուլիսի 20-ից կթանկանա 50 դրամով եւ կկազմի 150 դրամ: Տրոլեյբուսում երթեւեկելը կարժենա 100 դրամ՝ ներկայիս 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներում կամ միկրոավտոբուսներում երթեւեկելը՝ 150 դրամ՝ ներկայիս 100-ի փոխարեն: Չի փոխվի միայն մետրոյի ուղեվարձի գինը: Այս առիթով Երեւանի քաղաքապետարանի մոտ, այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 11-ին, սկսվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ տրանսպորտի գնի բարձրացման: Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ մի քանի անգամ լեզվակռիվ, քաշքշուկ, հրմշտոց է եղել, իսկ երբ Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը առաջին անգամ դուրս է եկել հանդիպման, նրա վրա մանրադրամներ են նետել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am