Երեւանում, այսօր՝ հուլիսի 20-ի գիշերը ժամը 01.30-ի սահմաններում, ոստիկանությունը խոչընդոտել է մի շարք քաղաքացիներին թռուցիկներ փակցնել հանրային վայրերում:

Ոստիկանության աշխատակիցները տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ հանդես եկող ակտիվիստներին հրավիրել է բաժին, սակայն վերջիններս պահանջել են հիմնավորել այդ հրավերի պատճառը: Քաղաքացիները հրաժարվել են գնալ ոստիկանություն՝ հայտարարելով, որ հրավերը իրավական կատեգորիա չէ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ընդզվելու կոչով թռուցիկներ փակցնող 28-ամյա Արսեն Օհանյանին այսօր տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Հիշեցնենք, որ այսօրվանից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի  50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով  երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն:

Քաղաքապետարանի այս որոշումն ընդվզում է առաջացրել, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր ու նախաձեռնություններ դեռ երեկվանից բողոքի ակցիաներ են անցկացրել Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ են բաժանել «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ:

Տեսանյութը՝ քաղաքացիական ակտիվիստ Վահե Գևորգյանի