Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանիստ եկեղեցու դիմաց այս պահին հավաքվել են թեմի երիտասարդական միության անդամները, որոնք պահանջում են Տեր Հակոբի վերադարձը իր նախկին աշխատանքին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Մինչեւ աշխատանքի սկսվելը եկեղեցու բակում միջադեպ է գրանցվել: Արարատյան երիտասարդաց միության անդամները փորձել են եկեղեցու ներսից դուրս բերել իրենց տեխնիկան, որպեսզի սկսեն իրենց բողոքի ակցիան, սակայն եկեղեցու սպասավորները թույլ չեն տվել եւ այդ ժամանակ քաշքշել են Վահրամ Սարկավագի հագուստն ու պատռել այն: Այդ առնչությամբ, Վահրամ սարկավագը որեւէ մեկնաբանություն չի ցանկանում անել: Նա ընդամենը նշեց, որ եկեղեցու եւ արդարության կողմնակից է:
Երիտասարդական միության անդամները եկեղեցու առջեւ զրուցում են Արարատյան հայրապետական թեմի հոգեւորականների հետ: Նրանք պահանջում են վերադարձնել Տեր Հակոբին, քանի որ վստահ են, որ այդ տեղափոխման արդյունքում երիտասարդական միության նվագախմբի, երգչախմբի եւ պարի խմբի գործունեությունը վտանգված է:
Մեր հարցին, թե Տեր Հակոբը տեղյա՞կ է կազմակերպվող ակցիաների մասին, երիտասարդները հայտնեցին, որ այո, Տեր Հակոբը տեղյակ է եւ խնդրել է նման բաներ չանել՝ ասելով, որ ինքը եկեղեցու սպասավոր է: Ցուցարարներից մեկն էլ նշեց, որ այժմ Տեր Հակոբի առողջական վիճակը այնքան էլ լավ չէ, այդ պատճառով ներկա չէ:
Արարատյան Հայրապետական թեմի մամուլի քարտուղարն էլ ասաց, որ երեկ ցուցարարները հանդիպել են Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ, բարձրացրել իրենց հուզող հարցերը, ստացել պատասխաններ: Հանդիպումը անցել է ջերմ մթնոլորտում, նկարվել են Կճոյանի հետ եւ նրանից օրհնություն խնդրել: Մամուլի քարտուղարը Տեր Հակոբի աշխատանքի փոփոխությունը գնահատում է, որպես նրա կատարած աշխատանքի գնահատում եւ դրանով պայմանավորված առաջընթաց, ինչը չեն կիսում թեմի երիտասարդական միության անդամները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով «Ա1+»-ը, Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը աշխատանքից ազատել է Արարատյան թեմի Արարատ երիտասարդաց միության հոգեւոր հովիվ Տեր-Հակոբ քահանա Խաչատրյանին:
Կայքի տեղեկություններով` պատճառը հուլիսի 7-ին Հ 2 հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Չենք սպասում» հաղորդման ժամանակ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մի արտահայտությունն է եղել, ըստ որի՝ «Տեր- Հակոբը 1000 Կճոյան արժի»: «Մեր տեղեկություններով Կճոյանն անձամբ այս հաղորդումը չի նայել, նրան տեղյակ են պահել:Առաջնորդական փոխանորդի հրամանից հետո, նրան են այցելել Արարատ երիտասարդաց միության հոգաբարձուները, որոնք Կճոյանից ցանկացել են տեղեկանալ Տեր- Հակոբի ազատման պատճառների մասին; Թեմի առաջնորդը նրանց պատասխանել է. «Եթե ես ձեզ պատճառն ասեմ, ուրեմն ձեզ բացատրություն եմ տալիս: Իսկ ես ձեզ բացատրելու բան չունեմ»:











