Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչներն, այսօր՝ հուլիսի 20-ին, զարհուրելի պահվածք դրսեւորեցին մի խումբ ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ովքեր խաղաղ ակցիա էին իրականացնում ընդդեմ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման։  Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը:

«Տարածված տեսանյութում ակնհայտ է, թե ինչպես քաղաքացիների հետ խոսելով դու-ով, սպառնալից տոնով, թույլ տալով մի շարք ժարգոնային, ցածր կարգի եւ ոստիկանին անվայել արտահայտություններ՝ ոստիկանը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել ՀՀ ազատ քաղաքացիների վրա՝ խաղաղ ակցիայի միջոցով իրենց կարծիքն արտահայտելու եւ խոսքի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու համար։

Խստիվ դատապարտում ենք անհիմն կերպով բարձրացված ուղեվարձը ժողովրդին պարտադրելու հայահալած գործողությունները եւ պահանջում իրավապահ մարմիններից հարգել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները եւ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ պահպանել տարրական էթիկայի նորմերը քաղաքացիների հետ հաղորդակցվելիս։

Միաժամանակ պահանջում ենք անհապաղ ազատ արձակել անհիմն կերպով բերման ենթարկված ակտիվիստներ Վահագն Մինասյանին եւ Տարոն Հարությունյանին։ Կոչ ենք անում Երեւանի քաղաքացիներին չհուսահատվել նման գործողություններից եւ տեր կանգնել սեփական իրավունքներին»,-ասված է նախաձեռնության հայտարարության մեջ։

Տեսանյութում նաեւ երեւում է, որ ոստիկաններից մեկը հայտարարում է. «Մենք կտանենք բաժին, հետո հիմքերը կապահովենք»:

Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ երեք հոգու նկատմամբ «վարչական բերում» է իրականացվել, նրանցից մեկը անչափահաս էր, վերջինս զգուշացվել է եւ գնացել, իսկ երկուսի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել: Այդ անձանց նկատմամբ վարչական բերում է կիրառվել քաղաքացիների կողմից ստացված ահազանգի հիման վրա, ըստ որի` նրանք ներկանյութով ներկում են ավտոբուսը:

Հիշեցնենք, որ այսօրվանից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար վճարում են 100 դրամ՝ նախկինի  50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով  երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ դեռ երեկվանից բողոքի ակցիաներ են անցկացրել Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ են բաժանել «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ: http://news.am/arm/news/163374.html

Մանրամասները` տեսանյութում: