Պռոշյան գյուղի բնակիչները 980 ստորագրություններով դատախազին հուլիսի 19-ին խնդրանք-պահանջ են ներկայացրել, որպեսզի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործը վերանայվի, արագացվի եւ որքան հնարվոր է թափանցիկ լինի (ֆոտոռեպորտաժ): Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում տեղի ունեցած  բողոքի ակցիայի ժամանակ ասացին բնակիչները: Ակցիան կազմակերպված էր ի պաշտպանություն համայնքի նախկին գյուղապետ, ապրիլի 2-ին սպանված Հրաչ Մուրադյանի գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի:

Արայիկ Պետրոսյանի կինը՝ Հեղինեն, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Արայիկն իր նորածին երեխային դեռ չի տեսել, քանի որ առանց հիմնավոր ապացույցների ձերբակալել են: «Մենք այս 4 ամիսներին ոչ մի ձեւով չենք խոչընդոտել քննության ընթացքը, բայց էլ չենք համբերելու: Առանց հիմնավոր ապացույցների իմ ամուսնուն ձերբակալել են եւ երեխաներն առանց հոր են մեծանում: Փոքր երեխաս էլ դեռ չի տեսել իր հորը: Պետությունն ասում ա թող երիտասարդները շատ երեխաներ ունենան: Ունենան, որ հայրերին տանեն չտեսնե՞ն»,- դժգոհեց ձերբակալվածի կինը:

Արայիկ Պետրոսյաննի երեխաները լացելով պահանջում էին ազատ արձակել իրենց հորը, քանի որ կարոտում են եւ չեն դիմանում: Արտակի պապիկն էլ՝ դիմելով նախագահին, ասաց. «Եթե  իմ թոռները մեղավոր են, թող ապացուցեն, ոչ թե տանեն փակի տակ պահեն: 4 ամիս է առանց հիմնավոր ապացույցների 2 եղբորը տարել նստեցրել են: Ո՞վ պետք է պահի նրանց ընտանիքը եւ անչափահաս երեխաներին: Ո՞վ պետք է հաց ու ջուր տա»:

Արայիկի տատիկն էլ նշեց, որ իր թոռը նույնիսկ հավ չի մորթել, ինչպե՞ս կարող էր մարդ սպանել: Եղբոր կինն էլ սպառնաց, որ եթե արդարությունը չվերականգնվի բենզինը լցնելու է վրան իրեն այրի:

Բնակիչները նշեցին, որ կարծես վերադարձել են ստալինյան տարիները, երբ անմեղ մարդկանց կորցնում, աքսորում եւ վերացնում էին: «Պռոշյանը դարձել է անարխիայի սոխվոզ: Պռոշյանը բաժանվել է երկու մասի՝ աշնակ ու դաշնակ: Ժողովուրդը կրակի մեջ է ընկել: Ունենք մատղաշ սերունդ եւ վաղը մյուս օրը թշնամանքի մեջ են մեծանալու: Հանգիստ, խելոք կանոնավոր ապրում էինք: Էս ի՞նչ հանեցին մեր գլուխը: Ովքեր են այդ սարքողները, կազմակերպիչները: Նրանց բռնենք դատապարտեք, այս անմեղ երեխաներին ինչի են բռնել»,- դժգոհեց համագյուղացի Էմմա Ավետիսյանը: 

Պռոշյանցիները նշում էին, որ իրենց գլխավոր պահանջն այն է, որ պատժվեն իրական մեղավորները: «Հարգել ենք ու սիրել թե Հրաչիկին, թե Արայիկենց ընտանիքը: Դրա համար ուզում ենք, որ իրական մեղավորները պատժվեն»,- ավելացրեցին պռոշյանցիները:

Բնակիչներից Արմենուհի Մելիքյանը ընթերցելով իրենց պահանջը, նշեց, որ նախաքննությունը մտնելու է փակուղի, քանի որ հնարավոր չէ սպանության մեջ մեղադրել մի մարդու, որն իրականում առնչություն չունի տվյալ հանցագործության հետ:

Նրանք կասկած հայտնեցին, որ Արայիկ Պետրոսյանը իրենց համար անհայտ նպատակներով պահվում է  որպես պատանդ, այնինչ` իրականությունը պարզելու համար, որեւէ քայլ չի կատարվում: «Մենք պահանջում ենք իրական մեղավորներին օր առաջ բացահայտել եւ ենթարկել  քրեական պատասխանատվության: Իսկ Արայիկ Պետրոսյանը ազատ արձակվի»,- ասված էր նրանց պահանջում:

Հակառակ դեպքում բնակիչները խոստացան պառկել ճանապարհին եւ փակել այն: «Թող տան, սպանեն, թող մեռնենք: Հանուն Արայիկ, հանուն արդարության»,- նշում էին նրանք:

Արայիկ Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանն էլ ավելացրեց, որ մինչեւ այսօր ապացույց չկա, գործով վկայի ցուցմունք  չկա: Նա նշեց, որ նոր փորձաքննության նշանակումն էլ փաստում է  այն, որ իրենց կողմից կասկածանքի տակ է դրվել նախկին փորձաքննությունը: «Եթե հիմնավոր չէ, ապա ինչո՞ւ եք անձին մեղադրանք առաջադրում»,- ավելացրեց փաստաբանը:

Իսկ ակցիան ուղեկցվում էր պաստառներով «Անմեղից մի սարքեք հանցագործ», «Բաց թողեք Արայիկին», «Արայիկը պատանդ չէ, բացահայտեք իրականությունը», «Արայիկին քավության նոխազ մի դարձրեք», «Ազատություն Արայիկին», «Պռոշյանը Արայիկի հետ է», «Ոչ ձեւական արդարադատությանը» գրառումներով: Ակցիային մասնակցում էին հարյուրավոր բնակիչներ եւ նրանք առանց կաշկանդվածության բարձրաձայնում էին իրենց բողոքը: