Երեւանում շարունակվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան` ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման: Այսօր` հուլիսի 21-ին առավոտյան քաղաքացիական ակտիվիստները հավաքվել են Մաշտոցի պուրակում` գործողությունները համակարգելու համար: Մաշտոցի պուրակ են ժամանել նաեւ ոստիկանական ուժեր եւ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, որոնք փորձել են խոչընդոտել ակցիայի անցկացումը:
Ակտիվիստները, սակայն, Երեւանի տարբեր վարչական շրջաններում իրականացնում են ակցիան, երթուղային տաքսիներին եւ ավտոբուսներին փակցնելով թռուցիկները, ուղեւորներին կոչ անելով չվճարել քաղաքապետարանի կողմից սահմանված ուղեվարձը, իսկ վարորդներին կոչ անելով գործադուլ անել:
Ակցիային միացել են նաեւ դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) եւ նրա ընկերները, ովքեր իրենց մեքենաներով կանգառներից մարդկանց են տեղափոխում Մաշտոցի պողոտայից Կոմիտասի պողոտա` ճանապարհին կոչ անելով ճչվճարել 150 դրամ:
Հիշեցնենք, որ երեկվանից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացրել Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ են բաժանել «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ:
Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու:
Մանրամասները`«Ուտոպիանա.am»-ի պատրաստած տեսանյութում











