34 համարի ավտոբուսի վարորը փորձել է երկաթե գործիքով հարվածել ուղեւորի գլխին, ով 100 դրամ է վճարել: Այս մասին տեղեկանում ենք «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամների տարածած տեսանյութից:
Տեսանյութում քաղաքացիներից մեկը պատմում է, թե ինչպես երթուղայինը վարորդը փորձել է երկաթե գործիքով հարվածել ուղեւորին, ով ցանկացել է վճարել 100 դրամ եւ պաստառ փակցնել ավտոբուսի վրա:
Քաղաքացիների փոխանցմամբ` ոստիկանները վերցրել են այդ երկաթյա գործիքը: Նրանք նաեւ նշեցին, որ վարորդրը գտնվել է աֆեկտիվ վիճակում, հարձակվել է մարդկանց վրա, հնչեցրել հայհոյանքներ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենք տեղյակ են այդ տեսանյութին, ուսումնասիրում են այն:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացրել Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ են բաժանել «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ:
Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու:
Մանրամասները` տեսանյութում











