«Չենք վճարելու 150 դրամ, վճարիր 100 դրամ» ակցիայի շրջանակներում այսօր` հուլիսի 24-ին, կեսօրից հետո Free car-ի վարորդները հանրությանը հայտնի մարդիկ էին՝ դերասաններ Հայկ Մարությանը (Հայկո), Մկրտիչ Արզումանյանը (Մկո), Անդրանիկ Հարությունյանը (Հալալ), Ռաֆայել Երանոսյանը (Զուլալ), Անի Երանյանը, երգիչներ Արթուր Իսպիրյանը, Սոնա Շահգելդյանը Լիլուն եւ այլն (ֆոտոռեպորտաժ):

Նրանք եւ ակցիային միացած մնացած հայտնիները հավաքվել էին Կոնսերվատորիայի շենքի մոտ, որոշել ուղղությունները եւ մտել «գիծ»: Free car-ի հայտնի վարորդները տարբեր ուղղություններով էին գնում` Կենտրոնից Կոմիտաս, Զեյթուն, Նոր Նորք եւ այլն:

«Կարգին սերիալից» դերասան Մկրտիչ Արզումանյանն ասաց, որ նախաձեռնություններին չէր միացել,  որովհետեւ Երեւանում չէր գտնվում, նկարահանումների էր,  այժմ Երեւանում է, եւ որոշեց միանալ գործընկերներին: Նա ողջունեց ակցիաները` շեշտելով, որ եթե յուրաքանչյուր հարցի հետ կապված հետեւողականություն ցուցաբերենք, շատ-շատ հարցեր կլուծվեն:

Երգչուհին Լիլուն նշեց, որ ինքը թե իր ընկերների, թե քաղաքացիների կողքին է, ովքեր պարտավոր չեն աշխատավարձի մեծ մասը տալ վարորդներին: Նա պատրաստ է այնքան պայքարել, մինչեւ երթուղայինի ուղեվարձը դարձնեն 100 դրամ:

Օպերայի կանգառում երկու երիտասարդներ մեծ հաճույքով նստեցին Անդրանիկ Հարությունյանի մեքենան, դուռը բացելուն պես ասացին` «Հալալ ա տղաներ, զուլալ ա, ապրեք»: Երիտասարդները վստահ են, որ իրենց պայքարը արդյունք կունենա: «Անպայման արդյունք կտա, եթե մարդ մի բան մտքին դնում է, ինքն անպայման հասնում է, արդեն փոփոխություններ եմ տեսնում»,-ասաց Անդրանիկ Հարությունյանի ուղեւորներից մեկը` շեշտելով, որ շատ ուրախ են` տեսնելով, որ իրենց մեջքին մարդիկ են կանգնում, այն էլ` այդպիսի հայտնի մարդիկ:

Անդրանիկ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ժամը 15.30-ից «գծի» մեջ են,  իսկ երեկ երեկոյան մինչեւ ուշ գիշեր քննարկում  էին հետագա ծրագրերը, որոշել են, որ պետք է սոցիալական գովազդ նկարել: Այսօր առավոտյան նրանք նկարահանել են սոցիալական գովազդը, որում 17 հայտնի անձինք են խոսում եւ կոչ անում տրանսպորտի ուղեվարձը դարձնել 100 դրամ:  «Կարգին սերիալի» Հալալը չի ցանկանում բացահայտել սոցգովազդի բովանդակությունը, խնդրում է սպասել մինչեւ երեկո, քանի որ արդեն երեկոյան այն հասանելի կլինի համացանցում: Դերասանը շեշտեց, որ իրենք այնքան կպայքարեն, մինչեւ ուղեվարձը չդառնա 100 դրամ, քանի որ այսպիսի սոցիալական պայմաններում համաքաղաքացիների համար մեծ դժվարություն է 120 կամ 150 դրամ վճարելը:

Մի քանի երթուղի գնալուց հետո Անդրանիկ Հարությունյանը` նույն ինքը «Հալալը», Կարգին Հայկոն եւ «Կարգին սերիալի» գլխավոր պրոդյուսեր Հրանտը որոշեցին ընդմիջում անել: Free car-ի վարորդներին շատ ջերմ ընդունեցին Արաբկիր վարչական շրջանի թոնրատներից մեկում, խոհարարները, մատուցողները նայում էին նրանց եւ հարցնում` «բայց կօգնի, մի բան կփոխվի», իսկ դերասանները պատասխանում էին` «իհարկե, կփոխվի, արդեն արդյունքներ կան»: «Հիմա մենք գծից դուրս ենք եկել, եկել ենք հաց ուտելու: Եթե վարորդներին միանան ժողովրդին, մեկ օրում հարցը կլուծվի»,- ասաց նա: Դերասանն ասաց, որ չորս օր է` ինչ մարդկանց է տեղափոխում, բայց իրեն գծատեր չի զգում: Նա պատմեց, որ ուղեւորները ուրախանում են իրեն ղեկին տեսնելով, ոգեւորվում են, ճանապարհին միշտ քննարկում են ակցիաները, տրանսպորտի ուղեվարձի թանկացումը եւ հետագա անելիքները: «Կարծում եմ` երբ մեծանաս, չունենաս աշխատանք, մի բանով պետք է զբաղվես, ինձ թվում է վարորդ լինելը վատ գործ չի, վատ գործ է այն դեպքում, երբ քշում են մեր «Գազելները», մեղք են էդ վարորդները»: Դերասանն ասաց, որ երթուղայինների վարորդներն իրենց մեջ մրցակից չեն տեսնում, եւ տեսնելով նրանց` միայն ողջունում են: «Ես մտածում եմ, որ այս ակցիան հասնելու է տեղ: Հալալ է բոլորին, հալալ է ինձ, հալալ է Հայկին, որ կազմակերպել է այս ամենը, հալալ է այն մարդկանց, ովքեր միացան եւ նրանց, ովքեր դեռ միանալու են»,- ասաց Անդրանիկ Հարությունյանը:

«Կարգին սերիալի» գլխավոր պրոդյուսեր Հրանտը միշտ ուղեկցում է Հալալին, խնդրեցինք նրան գնահատել ոչ թե Անդրանիկ Հարությունյանի դերասանական խաղը սերիալում, այլ նրա` երթուղայինի վարորդ աշխատելու հմտությունները: Գլխավոր պրոդյուսերը շեշտեց, որ Անդրանիկ Հարությունյանը շատ լավ երթուղայինի վարորդ կլինի, նա միշտ սափրված է, երբեք չի ուշանում, շատ լավ է վարում մեքենան, օրինապահ է, մեքենան մաքուր է եւ ռաբիս երաժշտություն չի հնչում: Հրանտը եւ Անդրանիկը նաեւ պատմեցին, որ դեպքեր են եղել, երբ փորձել են իրենց վճարել 100 կամ 150 դրամ, իսկ իրենք զգուշացրել են, որ անվճար է:

Իսկ դերասան Հայկ Մարությանը մեզ հետ զրույցում պատմեց, որ մարդիկ անչափ շնորհակալ են, քանի որ շատերը չեն կարողանում օգտվել երթուղայիններից 100-150 դրամով, «երբ մեքենան անվճար տանում է, կարծես փրկության լույս լինի»: « Գծատեր չեմ զգում, ինձ հայ եմ զգում: Կցանկանայի հարգանքի տուրք տալ մեր վարորդներին, անձամբ իմ վրա զգացի, թե ինչ դժվար աշխատանք են կատարում իրենք եւ հարց բարձրացրեցի, որ բացի այս թանկացումներից, պետք է վերանայվի եւ վարորդների աշխատանքային ժամերը, մարդիկ գրեթե 12 ժամ են աշխատում, դա անհնար է, ես 5-6 ժամ քշելուց հետո, իրոք, շատ վատ եմ ինձ զգում, վարելու որակը բավական ընկնում է, պատկերացրեք վարորդի վիճակը, ով 12 ժամ է մեքենան վարում, որակը ընկնում է եւ վտանգավոր է դառնում երթեւեկությունը բոլորի համար: Ինձնից լավ երթուղայինի վարորդ դուրս կգա, ես պարտաճանաչ եմ, չեմ խախտում օրենքերը, հետեւում եմ հիգենիայի եւ մնացած հարցերին: Սա կարող է հետագայում սովորույթ դառնալ, ոչ թե ակցիա»,- ասաց դերասանը` հավելելով, որ մարդկանց հավասարապես ուրախացնում է թե իր հետ որեւէ տեղ գնալը, թե պարզապես անվճար երթեւեկելը:

Հայտնիները կոչ են անում մասնակցել Free car-ին, պարզապես որեւէ տեղ գնալիս, եթե մեքենայում ազատ տեղ կա, կանգնել եւ ուղեւոր վերցնել: Նրանք հույս են անում, որ ակտիվությունը կհասնի նաեւ ծայրամասեր, մարդիկ ավելի կակտիվանան:

Նշենք, որ Free car-ին ավելի վաղ միացել էին «Վիտամին ակումբի» տղաները` Վաչեն, Գարիկը, Արմուշը, «Արմքոմեդիից» Սերգեյ Սարգսյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, դերասան Լալա Մնացականյանը եւ այլք: