Երեւանում, այսօր՝ հուլիսի 24-ի երեկոյան, ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել ու տուգանել է «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի շրջանակներում ուղեւորներին անվճար տեղափոխող «Լիմուզին»-ի վարորդին, որին ականատես է եղել NEWS.am-ի թղթակիցը:

Նշենք, որ քաղաքի փողոցներում նոր թափով շարունակվում են տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ուղղված ակցիաները: Ժամը 23:00-ի դրությամբ, Մաշտոցի պողոտայի բոլոր կանգառնորում հավաքված են ակտիվիստներ, որոնք ուղեւորներին հորդորում են վճարել բացառապես 100 դրամ եւ ոչ մի դրամ ավելի: Բազվաթիվ ավտոմեքենաներ կանգառներից մարդկանց անվճար տուն են հասցնում:

Օպերայի հարեւանությամբ, Մաշտոցի պողոտա-Բաղրամյան խաչմերուկում կանգառին մոտեցավ նաեւ «Լիմուզին»-ը եւ ուղեւորների վերցրեց, սակայն արդեն Բաղրամյան փողոցի սկզբնամասում մեքենան կանգնեցրեց 727 ՈՍ 01 համարանիշի ոստիկանական մեքենայով ոստիկանը եւ ակտ գրեց:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ է կանգնեցրել մեքենան եւ ինչո՞ւ է ցանկանում տուգանել «Լիմուզինի» վարորդին, ոստիկանը պատասխանեց, որ կանգառներում մեքենան կայանել չի կարելի:

Դիտարկմանը, թե «Լիմուզինի» վարորդը միացրել էր թարթիչները եւ ընդամենը մի քանի վայրկյան է կանգնել ու մարդկանց վերցրել, ոստիկանության աշխատակիցը խնդրեց չխանգարել իրեն, կրկնելով, որ «Լիմուզինի» վարորդը կայանել է կանգառում, որի համար տուգանվում է:

Նկատենք, որ այդ ընթացքում բազմաթիվ մեքենաներ էին կանգնում ու ուղեւորներին անվճար տեղափոխում, սակայն ոստիկանության աշխատակիցը նրանց որեւէ մեկին չկանգնեցրեց:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից  քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի  50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով  երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ բաժանում «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ: Ակտիվիստների նախաձեռնած միջոցառումներն օրեցօր մեծ թափ են ստանում, սկսվել է նաեւ Free car ակցիան, որի շրջանակներում մի շարք դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, պատգամավորներ եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ մարդկանց անվճար տեղափոխում են: Այս ակցիաների առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել եւ կոչ արել հարգել համակեցության կանոնները եւ ձեռնպահ մնալ  երթեւեկության  յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր  ոստիկանության դրսեւորած  հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները,  կհայտնաբերվեն  ու կենթարկվեն պատասխանատվության: Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու:

Նշենք, որ Free car-ի ակցիայի նախաձեռնողը դերասան Հայկ Մարությանն է, այնուհետեւ նրան են միացել «Կարգին սերիալի» անձնակազմի մյուս անդամները` Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը,Մկրտիչ Արզումանյանը, Անի Երանյանը,Լալա Մնացականյանը երգիչներ Արթուր Իսպիրյանը, երգչուհիներ Սոֆի Մխեյանը, Սոնա Շահգելդյանը, Լիլուն, Օլգա Այվազյանը, «Վիտամին ակումբի» տղաները` Վաչեն, Գարիկը, Արմուշը, «Արմքոմեդիից» Սերգեյ Սարգսյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը եւ այլք: