Վերջապես համացանցում է հայտնվել երեկ` հուլիսի 24-ին նկարահանված սոցիալական գովազդն ընդդեմ Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման:

Հայտնի անձինք երեկ նկարահանել էին գովազդը` խոստանալով, որ այն ավելի ուշ կհայտնվի համացանցում:

Տեսանյութը պատրաստել է «Կարգին ստուդիան», իսկ դրանում նկարվել են դերասան Արմուշը, Լալա Մնացականյանը, Սերգեյ Դանիելյանը, Աբել Աբելյանը, Լուսինե Բադալյանը, Անդրանիկ Հարությունյանը, Գարիկ Պապոյանը, Արթուր Իսպիրյանը, Պետրոս Ղազարյանը, Հայկ Մարությանը եւ այլք, ովքեր այս օրերին ակտիվորեն մասնակցում են նաեւ Free car ակցիային:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից  քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի  50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով  երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ բաժանում «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ:

Ակտիվիստների նախաձեռնած միջոցառումներն օրեցօր մեծ թափ են ստանում, սկսվել է նաեւ Free car ակցիան, որի շրջանակներում մի շարք դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, պատգամավորներ եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ մարդկանց անվճար տեղափոխում են: Այս ակցիաների առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել եւ կոչ արել հարգել համակեցության կանոնները եւ ձեռնպահ մնալ  երթեւեկության  յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր  ոստիկանության դրսեւորած  հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները,  կհայտնաբերվեն  ու կենթարկվեն պատասխանատվության:

Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու: