Երեւանում, «Կապույտ մզկիթի» կանգառում (Փակ շուկայի մոտ), այսօր՝ հուլիսի 25-ին, միջադեպ է տեղի ունեցել, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Երբ «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցներն ու լրագրողները բարձրացել են 20 համարի ավտոբուս եւ ուղեւորներին կոչ արել վճարել 100 դրամ, իսկ լրագրողները վարորդից փորձել են ճշտել, թե արդյոք ինքը պատրա՞ստ է միանալ գործադուլին, երիտասարդ վարորդը բորբոքվեց, պահանջելով լքել իր ավտոբուսը:
Նա սկսեց հրել ու քաշել լրագրողների ձեռքից, ասելով. «Ով 150 դրամ չի վճարելու, թող հելնի ռադը քաշի ստեղից»:
Միջադեպը տեւեց մոտ 10 րոպե, որից հետո ոստիկանները տեսնելով, որ վարորդը հրում է ակտիվիստներին, բարձրացան ավտոբուս եւ իջեցնելով ակտիվիստներին ու լրագրողներին, դադարեցրեցին միջադեպը, իսկ ավտոբուսի վարորդն ուղեւորներից պահանջեց իջնել եւ դատարկ հեռացավ:
Ակտիվիստների խումբը երթով շարժվեց դեպի մյուս կանգառներ՝ շարունակելու բողոքի ակցիան:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ բաժանում «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ: Ակտիվիստների նախաձեռնած միջոցառումներն օրեցօր մեծ թափ են ստանում, սկսվել է նաեւ Free car ակցիան, որի շրջանակներում մի շարք դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, պատգամավորներ եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ մարդկանց անվճար տեղափոխում են: Այս ակցիաների առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել եւ կոչ արել հարգել համակեցության կանոնները եւ ձեռնպահ մնալ երթեւեկության յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր ոստիկանության դրսեւորած հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները, կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության:
Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու:











