Այս պահին Երեւանը ցնծում է, քաղաքի փողոցներում իսկական տոն է, ժողովուրդն սկսել է ժպտալ, մարդիկ գրկում են իրար համբուրում ու շնորհավորում հաղթանակի առթիվ, որի արդյունքում Երեւանում տրանսպորտի ուղեվարձը կրկին 100 դրամ է դարձել (ֆոտոռեպորտաժ):

Երեւանի փողոցները լիքն են մարդկանցով, նրանք պարում են, ուրախանում, հնչում է երաժշտություն, թմբուկների ձայն, մեքենաները ազդանշան են տալիս, շենքերից մարդիկ ողջունում են փողոցում գտնվողներին:

Բոլորը միաբերան պնդում են, որ այս հաղթանակը միասնության արդյունք էր եւ շնորհակալություն են հայտնում վերջին 6 օրերին բողոքի ակցիաների բոլոր մասնակիցներին, որոնց շնորհիվ հնարավոր եղավ հաղթանակ տանել:

Միաժամանակ ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ իրենց պայքարը սրանով չի ավարտվում, նոր է սկսվում, որ պայքարելու են նաեւ տրանսպորտի որակի բարձրացման համար, որ ուղեւորներին արժանավայել փոխադրվեն:

Երթուղայինների ու ավտոբուսների վարորդները եւս ուրախ են, որոնք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ սա բոլորի, այդ թվում իրենց հաղթանակն է:

Այս պահին տոնական տրամադրությամբ երթը շարժվում է Մաշտոցի պողոտայով: Ցուցարարների մեջ են նաեւ քաղաքական գործիչներ, մարդկանց թիվը րոպե առ րոպե ավելանում է:

Ոստիկանությունը ուղեկցում է մարդկանց հոսքը, որեւէ միջադեպ այս պահի դրությամբ չի գրանցվել:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am