Տավուշի մարզի նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավան եւ Բագրատաշեն գյուղերում արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են դեղձի մթերման աշխատանքները, սակայն այգու սեփականատերը դժգոհ է մթերվող գնից: Այս մասին Տավուշի մարզից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը:

Մթերման աշխատանքներն տեղում  ծանոթանալու համար երեկ  մարզ էին այցելել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Մթերումն իրականացվում է «Սպայկա»ընկերության կողմից, մեկ կիլոգրամը` 125 դրամ արժեքով: Դեղձն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն:

Սամսոն Գիշյանի փոխանցմամբ նրա այգուց մթերվել է ներկա  դրությամբ մոտ 60 տոննա դեղձ, դեղձի համար վճարվող գինը սեփականատերը բավականին ցածր է համարում, բայց քանի որ իրացման խնդրի առաջ են կանգնած, այլընտրանք չունեն. «Նախորդ տարի տարբեր վերամշակող կազմակերպությունների մթերել եմ 120 տոննա դեղձ»:

«Սպայկա» ընկերության տնօրեն Վարդան Ղազարյանը լրագրողների հետ զրույցում մթերման գինը նորմալ համարեց, նշելով, որ իրենք դեղձի չափերի մեջ խտրականություն չեն դնում եւ մթերում են թե մեծ, թե փոքր եւ թե միջին չափի դեղձ: Նախորդ տարի «Սպայկա» ընկերությունը Տավուշի մարզից մթերել է շուրջ 100 տոննա դեղձ:

ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ զրույցում դեղձի բերքի ծավալներն ու որակը լավ է գնահատել, նշելով, որ արտահանման ենթակա ողջ պետքը բերքը  է մթերվի.» 10 օրից արդեն կսկսվի  վերամշակող ճյուղի մթեումը: Մենք հետեւելու ենք, որ ամբողջ դեղձը մթերվի ժամանակին եւ կորուստներ չունենանք եւ գյուղացիական  տնտեսությունները կարողանան ամբողջը իրացնեն…ինձ թվում է, որ թե դեղձի, թե խաղողի մթերման հետ կապված այս մարզում խնդիրներ չենք ունենա…»,-ասել է նա:

Նախարարի փոխանցմամբ` նախորդ տարի մարզում եղել է 6500 տոննա դեղձի արտադրություն եւ այս տարի ավել է սպասվում: Մթերման գնի հետ կապված նախարարը համաձայն չէ բնակիչների այն մտքի հետ, թե ինքնարժեքով են վաճառում: «Էդպիսի բան չկա….նախ գնին մենք չենք միջամտում, մենք ուղղակի հետեւում ենք, որպեսզի խելամիտ գին լինի, որ գյուղացին էլ չտուժի, վերամշակողն էլ, արտահանողն էլ…»:

Էդվարդ Արզումանյան 
Լուսանկարներն ու տեսանյութը` հեղինակի