Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում մարդասպանը սպանել է հայ գործարարի երեխաներին, գործարարի կինը ծանր վիրավոր է:
Ինչպես Lifenews-ին հայտնել են իրավապահ մարմիններից, ավազակային հարձակումը տեղի է ունեցել Ստավրոպոլի երկրամասի Գեորգեւսկի շրջանի Լիսոգորսկայա գյուղում: Դիմակավորված չարագործը ներխուժել է Խաչատուր Ղազարյանի տուն եւ կրակ բացել:
11-ամյա Լիանա Ղազարյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 16-ամյա Արսեն Ղազարյանը հրազենային վնասվածք էր ստացել գլխի շրջանում եւ մահացել է հիվանդանոցում, առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում: Երեխաների մայրը` 44-ամյա Թամարա Ղազարյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Խաչատուր Ղազարյանը չի տուժել, քանի որ եղել է լոգարանում:
«Անհայտ անձը` դիմակավորված, մտել է տուն եւ կրակ բացել: Դրանից հետո նա փախել է: Ոստիկանները որոնում են նրան»,- հայտնել է Ստավրոպոլի ՆԳՆ մամուլի քարտուղար Եվգենի Արնաուտովը:
Կրակոցների ձայները լսել են հարեւանները, որոնք էլ ահազանգել են ոստիկանություն: Կենդանի մնացած կինը նկարագրել է հանցագործին` միջին տարիքի, նիհար տղամարդու: Սակայն որոնողական գործողություններին խանգարել է անձրեւը, հովվաշունը չի կարողացել գտնել նրա հետքը:
Սպանության դրդապատճառները դեռ անհայտ են, հանցագործության զենքը չեն գտել: Նախնական տվյալներով, մարդասպանը կրակել է փոքր տրամաչափի հրազենով:











