Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի աշխատակիցները մտադիր են ազատվել աշխատանքից, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Ինչպես նշել է կառույցի քարտուղար Լուսինե Պետոյանը, ամբողջ ապարատը, զբաղեցրած պաշտոններից հրաժարվելու միջոցով իր դժգոհությունն է ցուցաբերում նախկին գյուղապետի սպանության գործը չբացահայտելու առնչությամբ: «Մոտ 4 ամիս է անցել նրա սպանության օրից, սակայն էական քայլեր չեն ձեռնարկվել: Մենք համոզված ենք, որ մեր ղեկավարի սպանությունը քաղաքական ենթատեքստ ուներ, այդ պատճառով մենք չենք կարող աշխատել նոր գյուղապետի հետ»,-ասել է Պետոյանն` ընդգծելով, որ Պռոշյանում անվստահության մթնոլորտ է տիրում: Նա հաղորդել է, որ կայացրած որոշումը նախապես չի քննարկվել նոր գյուղապետի հետ: Լուսինե Պետոյանի խոսքով` աշխատակազմը բաղկացած է 15 աշխատակիցներից: Նա նշել է, որ կներկայացվի 13 հեռացման դիմում, իսկ Վովա եւ Աղվան Սահակյանները, որոնք զբաղեցնում են գյուղապետի տեղակալի եւ կոմունալ բաժնի պետի պաշտոններն, արդեն դա արել են:

Հրաչ Մուրադյանի զարմիկ Հակոբ Մուրադյանի համոզմամբ, գյուղապետարանում համապատասխան աշխատանքային պայմաններ չեն ստեղծվել:  Գյուղապետարանի եւս մեկ աշխատակից նշել է, որ վաղ թե ուշ բոլոր աշխատակիցներն էլ զրկվելու էին իրենց աշխատանքից: «Մենք նոր թիմի հետ աշխատել չենք կարող»,-եզրափակել է նա

Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետի ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 14-ին: Ընտրություններում հաղթանակ է տարել ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը: ՀՅԴ անդամ Հրաչյա Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին: Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ)  եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները, լրատվամիջոցներում շրջանառվում էր նաեւ գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը: