Արդեն երկրորդ անգամն է, ինչ իրավապահ մարմինները անհանգստացնում են կիթառահար երաժիշտ, կոմպոզիտոր Գեւորգ Աղաջանյանին, ով հայտնի է Երեւանի կենտրոնի փողոցներում՝ մասնավորապես Հյուսիսային պողոտայում հնչող իր սոլո ելույթներով։
Այս առնչությամբ հայտարարություն է տարածել «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն ը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Գեւորգը պատմում է, որ Հյուսիսային պողոտա-Աբովյան խաչմերուկի մոտ նվագելու համար իր վրա բողոք էր եկել, ինչի պատճառով էլ նա մի քանի օր առաջ հրավիրվել էր Կենտրոնի ոստիկանական բաժանմունք։ Հայտնի չէ, թե բողոքողն ով է, իսկ ոստիկաններն էլ չէն հայտնում, թե ումից է բողոք ստացվել։
Երեկ նույնպես նրան մոտեցան ոստիկանները՝ փորձելով խոչընդոտել երաժշտի գործունեությունը։ Միջադեպը տեսագրվել է Լրագրի թղթակցի կողմից։
Գեւորգ Աղաջանյանը այն բացառիկ մարդկանցից է, ով մեր քաղաքի՝ գնալով ամայացող փողոցները լցնում է ջազ-բլյուզ երաժշտության դրական մեղեդիներով՝ բարձրացնելով անցորդների տրամադրությունը։
Ցանկացած բարեկիրթ քաղաքային իշխանություն ոչ միայն շնորհակալ կլիներ, այլեւ կհպարտանար նման ստեղծագործ մարդկանց գոյությամբ՝ նրանց համապատասխան հարթակներ տրամադրելով, քանի որ հենց նման ստեղծագործողներն են քաղաքի յուրահատուկ տպավորիչ կոլորիտ եւ տրամադրություն ստեղծողները։
Մեր իրականությունը, ցավոք, այլ է։ Արեւելյան կլկլոցներով թնդացող բացօթյա սրճարանները կամ քաղաքացիների գիշերային հանգիստը խաթարող ճոխ ավտոմեքենաներից հնչող բարձր ռաբիզը որոշ քաղաքացիների եւ իրավապահ մարմիններին այսօր ավելի քիչ են հուզում, քան այս միայնակ կատարողի նվագը։
Իհարկե, մեր օրերում պետականորեն սրբացվող անճաշակության ֆոնի վրա իրական արվեստն ու վառ գույները պետք է փնովվեն ու պիտակավորվեն, դրանց դեմ պետք է հանդես գան էլիտար շեքերում ծվարած անհայտ անձինք, սակայն ավելի տեղին կլիներ, եթե նրանք պայքարեին ռաբիզմի եւ հայ մշակույթը սպանող թուրքամետ պսեւդոարվեստի դեմ, որը պարզապես հավասարազոր է պոռնոգրաֆիային (Տես այստեղ)։
Ի հեճուկս բոլոր կասկածելի բողոքների՝ Գեւորգը այսօր ավելի հայտնի, սիրված եւ համակրելի է, քան բազմաթիվ «սիրված» երգիչ երգչուհիներ ու կատարողներ, որոնց արեւելյան մելամաղձոտ պոռթկումների համար ՀՀ Մշակույթի նախարարությունը կարող է բարձր հարթակներ տրամադրել, ընդհուպ մինչեւ Հանրապետության Հրապարակը։
Իրավապահ մարմիններին կոչ ենք անում հանգիստ թողնել Գեւորգին, իսկ բողոքավոր քաղաքացիներին հորդորում ըմբռնումով մոտենալ երաժիշտի գործունեությանը՝ գնահատելով Գեւորգ Աղաջանյանի բացառիկ ներդրումը Երեւանի ժամանակակից քաղաքային կոլորիտի ստեղծման եւ պահպանման գործում»:











