Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը, ով չի ներկայացել, փորձել է քաղաքապետարանի շենքի դիմաց նստացույցի մասնակիցների հետ բանակցել, սակայն վերջիններս բանակցելու առաջարկը մերժել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նստացույցի մասնակիցներից Գոռ Առաքելյանը:

Ի դեպ, նստացույցի մասնակիցները երեքն են` Գոռ Առաքելյանը,  Սուրեն Սահակյանը եւ Վահագն Մինասյանը, իսկ մյուսները գալիս են նրանց աջակցելու: 

«Մենք ասացինք, որ չենք եկել բանակցելու, այլ հստակ ներկայացրել ենք մեր պահանջները: Եվ երբ կկատարվեն այդ պահաջները նոր միգուցե բանակցենք»,- ասաց Գոռ Առաքելյանը:

Խոսելով նստացույցը խոչընդոտելու փորձերի մասին, նա նշեց. «Ջրցան մեքենաների եւ գազոնը ջրող շիթերի խնդիրն է, որը փորձելու ենք այսօր կարգավորել: Տրանսվիստիտների հայտնի պատմությունն էլ արդեն անցած է: մենք բոլոր դեպքերում պատրաստ են պայքարել մինչեւ վերջ»:

Նստացույցի մասնակիցներից Սուրեն Սահակյանն էլ ավելացրեց, որ անժամկետ նստացույցը չեն դադարեցնելու այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել: Ի դեպ, քաղաքապետարանից խոստացել են այսօր նրանց նստարաններով ապահովել, որ գետնին չնստեն:

Իսկ մինչեւ այդ քաղաքապետարանի աշխատակիցները լվանում էին քաղաքապետարանի բակը, ուստի նստացույցի մասնակիցները նստել էին մեքենայի մեջ կամ իրենց բերած աթոռների վրա: 

Հիշեցնենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները քաղաքապետարանի առջեւ նստացույց են կազմակերպել եւ ի թիվս այլոց, որպես առաջնային խնդիր նշվում է տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելու պահանջը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am