Անտառային հրդեհների կանխարգելման եւ դրա դեմ տարվող աշխատանքների հետ կապված, այսօր՝ հուլիսի 31-ին, Լոռիի մարզպետարանում սեմինար են անցկացրել բնապահպանության նախարարության անտառտնտեսության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, որն անցել է բավականին լարված մթնոլորտում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ՝ Երեւանից ժամանած հյուրերը սկզբում ներկայացրել են վիճակագրությունը, թե մարզում քանի հրդեհ է գրանցվել, ինչ է արվել ու ինչ պետք է արվի, ինչին ի պատասխան թեմայի հետ կապված նախ խոսել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, կետ առ կետ ներկայացնելով այն խնդիրները, որոնց ամեն հրդեհի ժամանակ բախվում են թե հրշեջները, թե համայնքի ղեկավարներն ու իրավապահ մարմինները:
«Մենք նախ պետք է տեխնիկապես զինենք ԱԻՆ-ն ու բոլոր մյուս կառույցները, որը էսօր սակայն չկա»,-ասել է Դարբինյանն ու հավելել, որ Լոռիի եւ Տավուշի մարզերում անտառներ եւ դժվարամատչելի տեղեր բարձրացող տեխնիկա չկա:
Լոռիի մարզային հրդեհային տեսչության պետ Արամ Մկրտչյանը եւս կոշտ քննադատության է ներկայացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ Արտաշես Մանասերյանի զեկույցը, նշելով. «Անընդհատ ասում եք «պետք է», իսկ ո՞վ պետք է անի, եթե ոչ դուք: Սկզբում դուք ձեր պարտավորությունները կատարեք, հետո նոր միայն պահանջեք, իսկ դուք այսօր ձեր առջեւ դրված պարտականություններից եւ ոչ մեկը չեք կատարում: Մեր գլուխն ա ցավում, երբ որ չեք կարողանում գտնել, թե ով է այրում: Գյուղապետն ասում է որ երբեք իր գյուղացուն «բռնել» չի տա, մենք էլ չենք կարողանում իմանալ, որովհետեւ դուք կանխարգելիչ միջոցառումներ չեք անում, հստակ մշակված կանոնների համաձայն: Դուք դրեցիք անտառապետեր կրճատեցիք, մենք էլ առաջարկեցինք որ մեզ ձիեր տաք: Ձեր ասած դիտակետերն ու մյուս բաները ֆիկտիվ են, իսկ կենդանի աշխատանք կատարողները այս մարդիկ են, որոնց ոչ մեկը չի օգնում, միայն պահանջում են: Էս կանոնակարգից եւ ոչ մի կետ դուք չեք կատարում, հիմա էս միջոցառումը անում եք որ ինչ անեք»:
Հանդիպման ընթացքում ներկաները պնդել են, որ անտառային հրդեհներ կլինեն այնքան ժամանակ, որքան մարզում կշարունակի տիրել անպատժելիության մթնոլորտ, երբ մարդիկ անտառը կհրկիզեն ու անպատիժ կմնան, քանի որ անտառն այրողի անունը չեն հայտնում թե բնակիչները, թե իրավապահները ու թե համայնքի ղեկավարը:
ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանն էլ իր հերթին եւս հաստատել է տեխնիկասարքավորումների բացակայությունը, նշելով. «Անտառային հրդեհները մարելու համար մեզ բարձր անցողականություն ունեցող մեքենաներ են պետք, որ մարդկանց սարերը բարձրացնենք»:
Քննարկման ընթացքում ներկաները նաեւ տեսակետ են հայտնել, ըստ որի ամեն տարի բնապահպանության նախարարը նման միջոցառումներ է իրականացնում, որոնք միշտ էլ անարդյունավետ են եւ պարզապես բենզին են վատնում. «Էսքան մարդկանց հավաքել բերելով, ավելի լավ կլիներ էսքանի վառած բենզինը հավաքեինք տայինք հրշեջներին ու համայնքի ղեկավարներին, որն ավելի արդյունավետ կլիներ»:
Էդվարդ Արզումանյան



Լուսանկարներն ու տեսանյութը` հեղինակի











