Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում վերջին ժամերին միանգամից երկու պայթյուն է որոտացել, երկուսն էլ մթերային խանութներում: Տուժել է մոտ 20 մարդ, 16 մարդ դիմել է հիվանդանոց: Ոստիկանությունը փնտրում է կասկածյալ երիտասարդներին, որոնց պայթյուններից առաջ նկատել էին այդ խանութների մոտ:
«24 ժամ» խանութի շենքը պայթյունից հետ գրեթե ամբողջությամբ այրվել է, հաղորդում է НТВ-ն: Ականատեսները պատմում են, որ տեսել են, թե ինչպես երկու երիտասարդներ ներս են մտել փաթեթը ձեռքներին, թողել այն մուտքի մոտ ու հեռացել: Մի քանի րոպե անց շենքում հզոր պայթյուն է որոտացել եւ հրդեհ սկսվել:
Պարզվել է, որ ինքնաշեն պայթուցիկ սարքի հետ այրվող հեղուկ է եղել, որն էլ հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել:
Դեպքից մեկ ժամ անց պայթյուն է որոտացել նաեւ «Կրիստալ» խանութում, որտեղ, սակայն, շենքը մի թեթեւ վնասվել է: Այսօր՝ օգոստոսի 5-ին, սակրավորները «Կրիստալ» խանութում եւս մեկ պայթուցիկ սարք են գտել, որը չի աշխատել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:











