Պակիստանում  վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղատարափ անձրեւների զոհ է դարձել 130 մարդ, իսկ  բնական աղետից տուժել է ընդհանուր առմամբ  330 հազար մարդ:

Տվյալ պահին ամբողջովին ջրի մեջ են  770 գյուղեր Փենջաբ եւ Խայբեր Փահթունհվա նահանգներում:  Ջրի հեղեղն ավերել է  2,5 հազար բնակելի տներ եւ կառույցներ, հայտնել են այսօր Պակիստանի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային ծառայությունից: 

Այդ շրջաններում տուժած բնակիչներին ժամանակավորապես տեղավորելու համար ստեղծվել են 400 վրանային քաղաքներ, որտեղ մարդկանց առաջին բուժօգնություն է տրամադրվում, ինչպես նաեւ կերակուր է բաժանվում: 

Պակիստանի իշխանությունները   հրահանգել են բաց թողնել ջրամբարների ավելորդ ջրերը Տերբելեում եւ Սիմլեում: 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ըստ օդերեւութաբանների` արդեն այս շաբաթվա վերջում  տեղատարափ անձրեւները պետք է դադարեն: