Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի նկատմամբ վարչական բերում է իրականցվել Ոստիկանության Արաբկիրի բաժին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն` նրա նկատմամբ արձանագրություն է կազմվել:
Նշենք, որ այսօր առավոտվանից Կոմիտաս 5 հասցում լարված իրավիճակ է, տեղի է ունեցել բախում ոստիկանների եւ բնակիչների միջեւ, քանի որ վերջիններս փորձում էին կանխել իրականացվող շինարարությունը: NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդել էր, որ տարածքում մեծաթիվ ոստիկաններ կային, կարմիր բերետավորներ, ակտիվիստները փակել էին ճանապարհները, առաջացել էին խցանումներ:
Այդտեղ պատրաստվում են կառուցել 10 հարկանի նորակառույց շենք, որը լրիվ փակում է այդ բակի շենքերի արեւը, մուտքը, լույսը: Այստեղ շինարարությունը սկսել են մի քանի տարի առաջ, բայց բնակիչների բողոքի արդյունքում դադարեցրել էին այն, իսկ վերջին երկու շաբաթների ընթացքում նորից վերսկսել: Շինարարությունն ուղեկցվում է բնակիչների, ակտիվիստների բողոքի ակցիաներով, երբեմն նաեւ նրանց եւ ոստիկանների միջեւ բախումներով :«Մոտ 10 օր առաջ էկսկավատոր են մտցրել, այսօր մտցրել են բուլդոզերներ եւ կամազներ, որպեսզի խորացնեն փոսը: Մենք այժմ այստեղ ենք, պաշտպանում ենք բնակիչներին, որ ոտնձգություն չանեն: Երեք բազմաբնակարան շենքերի բնակիչները թույլ չեն տալիս շինարարություն անել, դա անօրինական է, այստեղ փակցված «Ավելի բարեկարգ Երեւան» պաստառի վրա նրանք գրել են «Չենք թողնի անօրինական շենքով փակել մեր արեւը»,- ավելի վաղ ասել էր կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:











