Կոմիտաս 5 հասցեում այս պահին լարված վիճակ է: Դեպքի վայրում գտնվող կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը NEWS.am-ի թղթակցի հետ պատմեց, որ կարմիր բերետավորները փորձում են շինարարներին մտցնել աշխատանքի, իսկ «Նախախորհրդարանի» ակտիվիստները եւ բնակիչները թույլ չեն տալիս դա:

Նա նշեց, որ բնակիչները այժմ մտել են շինհրապարակ եւ փորձում են կանխել էկսկավատորների աշխատանքը

Նշենք, որ այդ տարածքում պատրաստվում են կառուցել 10 հարկանի նորակառույց շենք, որը լրիվ փակում է այդ բակի շենքերի արեւը, մուտքը, լույսը: Այստեղ շինարարությունը սկսել են մի քանի տարի առաջ, բայց բնակիչների բողոքի արդյունքում դադարեցրել էին այն, իսկ վերջին երկու շաբաթների ընթացքում նորից վերսկսել:  «Մոտ 10 օր առաջ էկսկավատոր են մտցրել, այսօր մտցրել են բուլդոզերներ եւ կամազներ, որպեսզի խորացնեն փոսը: Մենք այժմ այստեղ ենք, պաշտպանում ենք բնակիչներին, որ ոտնձգություն չանեն: Երեք բազմաբնակարան շենքերի բնակիչները թույլ չեն տալիս շինարարություն անել, դա անօրինական է, այստեղ փակցված «Ավելի բարեկարգ Երեւան» պաստառի վրա նրանք գրել են «Չենք թողնի անօրինական շենքով փակել մեր արեւը»,- ավելի վաղ ասել էր կինոռեժիսորը:

Հիշեցնենք, որ բնակիչները համաձայն չեն իրենց բակի տարածքի հաշվին կատարվող այդ շինարարության հետ և մի քանի օր առաջ պիկետի միջոցով դադարեցրել էին այն: