Իսրայելն արտաքսել է Հորդանան գետի Արևմտյան ափին փակ ռազմական գոտու ռեժիմը խախտելու համար ձերբակալված 13 օտարերկրյա քաղաքացու, հայտնում է The Times of Israel-ը։
Եվս մեկ անձ սպասում է արտաքսման։ Ոստիկանության տվյալներով, օտարերկրացիներին ձերբակալել են Ռամալլայից ոչ հեռու՝ Լուբբան ալ Ղարբիա գյուղի մերձակայքում գտնվող ֆերմայի տարածքում բախման մասին հաղորդումից հետո։
Ինչպես հայտնել են ոստիկանությունից, հանգստյան օրերին միջադեպի մասին տեղեկություն ստանալուց հետո դեպքի վայր են ժամանել իսրայելցի զինվորականները և ձերբակալել տեղի ունեցածին առնչություն ունենալու մեջ կասկածվող 14 օտարերկրացու։ Նրանք հարցաքննվել են օրինական կարգադրությունը խախտելու և փակ ռազմական գոտի մուտք գործելու կասկածանքով։ Այնուհետև նյութերը փոխանցվել են Բնակչության և ներգաղթի հարցերով վարչություն՝ արտաքսման հարցը քննարկելու համար։
Ձերբակալվածների փաստաբան Ալոն Սապիրը The Times of Israel-ին հայտնել է, որ խումբը բաղկացած էր 15 օտարերկրյա քաղաքացուց, որոնք եկել էին պաղեստինցիներին օգնելու ձիթապտղի բերքահավաքի հարցում։ Ըստ նրա, երբ զինվորները ժամանել են դեպքի վայր, խմբին ներկայացրել են նույն օրը տրված՝ տարածքը փակ ռազմական գոտի հայտարարելու մասին հրամանը։
Խմբի մասնակիցներից մեկը՝ Ավստրալիայի քաղաքացի մի կին, նույնպես հեռացվել է տարածքից, սակայն չի արտաքսվել։ Այդ որոշման պատճառներն անհայտ են մնում։ Փաստաբանի հաղորդմամբ, արտաքսվածների թվում եղել է Պորտուգալիայից մի լրագրող։
Համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցում քաղաքացիական հագուստով երկու վերաբնակիչ խմբին դուրս են բերում տարածքից։ Նրանցից մեկի մոտ հրացան է եղել։
Իսրայելի պաշտպանության բանակը դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը։





























