ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը միջանկյալ ընտրություններին նախորդող վերջին շաբաթներին հայտարարել է ամերիկացի ֆերմերներին ավելի քան 15 մլրդ դոլարի աջակցություն տրամադրելու միջոցառումների մասին։ Իշխանությունները հույս ունեն օգնել գյուղմթերք արտադրողներին հաղթահարել դիզելային վառելիքի և պարարտանյութերի գների աճը, սակայն առայժմ պարզ չէ՝ արդյոք այս խոստումները կհամոզեն ավելի շատ գյուղաբնակ ընտրողների աջակցել հանրապետականներին, հայտնում է Associated Press-ը։
Հայտարարված գումարի կեսից ավելին՝ 8 մլրդ դոլարը, նախատեսված է դիզելային վառելիքի կտրուկ թանկացումից տուժած ֆերմերներին միանվագ վճարումներ տրամադրելու համար։ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը խոստացել է նոյեմբերին ներկայացնել ծրագրի լրացուցիչ մանրամասները, սակայն գումարների փոխանցման ժամկետները դեռ հայտնի չեն։
Եվս առնվազն 5 մլրդ դոլար կուղղվի ռանչոների սեփականատերերի և ձկնորսների համար երաշխավորված վարկերին։ Բացի այդ, 1,8 մլրդ դոլար նախատեսված է բնապահպանական ծրագրերի մասնակիցների համար, 573 մլն դոլար՝ պարարտանյութերի արտադրության նախագծերի, իսկ 57 մլն դոլար՝ մսի վերամշակման հզորությունների ընդլայնման համար։ Մասնագիտացված գյուղատնտեսական մշակաբույսեր արտադրողները նորարարական նախագծերի համար դրամաշնորհների տեսքով կստանան 86,6 մլն դոլար։
Գերատեսչությունը նաև հայտարարել է մինչև 472,5 մլն դոլարի գյուղմթերք գնելու ծրագրերի մասին՝ արտադրողներին աջակցելու և մթերքը բարեգործական կազմակերպություններին փոխանցելու նպատակով։ Առանձին նախատեսված են գյուղատնտեսության աջակցության գործող ծրագրերով 2025 թվականի բերքի համար վճարումներ՝ 13,8 մլրդ դոլար՝ սահմանված պահանջներին համապատասխանող արտադրողների համար։
Ֆերմերները բախվում են վառելիքի, պարարտանյութերի և տեխնիկայի ծախսերի աճին։ AAA ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալներով, ուրբաթ օրը ԱՄՆ-ում դիզելային վառելիքի մեկ գալոնն արժեր միջինը 6,32 դոլար՝ 70%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Ոլորտի վրա լրացուցիչ ճնշում են գործադրել Թրամփի սահմանած առևտրային մաքսատուրքերը և Չինաստանի հետ առևտրային հակամարտությունը, որի պատճառով կտրուկ նվազել են ամերիկյան գյուղմթերքի գնումները։
Կանզասի պետական համալսարանի ֆերմերային տնտեսությունների կառավարման մասնագետ Գրեգ Իբենդալը կարծում է, որ վճարումները կարող են ծածկել վառելիքի լրացուցիչ ծախսերը և օգնել պարարտանյութերի գնման հարցում։ Սակայն, ըստ նրա, ժամանակավոր օգնությունը չի վերացնում գների աճի պատճառները և ֆերմերների համար ապագայում կայուն շահութաբերություն չի երաշխավորում։
Գյուղաբնակ ընտրողների արձագանքը միանշանակ չէ։ Վիչիտայի պետական համալսարանի քաղաքագիտության դասախոս Ալեքսանդրա Միդլվուդը նշել է, որ որոշ ֆերմերներ ուրախ են, որ վճարումները կօգնեն իրենց հաղթահարել դժվար տարին, սակայն դրանք դիտարկում են որպես միանվագ աջակցություն, այլ ոչ թե երկարաժամկետ լուծում։ Դժգոհություն են առաջացնում նաև միգրանտների արտաքսման հետևանքները գյուղատնտեսական աշխատուժի համար և պարենային օգնության ծրագրերի կրճատումը։
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ այցելել է Այովա և Կանզաս, որտեղ գյուղաբնակ ընտրողներն ավանդաբար կարևոր դեր են խաղում հանրապետականներին աջակցելու գործում։
Քաղաքագետները նշում են, որ վարչակազմի քաղաքականությունից դժգոհ ընտրողները կարող են չանցնել դեմոկրատների կողմը, բայց հրաժարվել հանրապետական թեկնածուների օգտին քվեարկելուց կամ աջակցել անկախ թեկնածուներին։





























