ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակտիվորեն կօգտագործի վետոյի իրավունքը, եթե նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններում դեմոկրատները վերահսկողություն հաստատեն Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ։ New York Post թերթին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ թույլ չի տա հակառակորդներին ոչնչացնել իր աշխատանքի արդյունքները։
«Կարծում եմ՝ ես կդառնամ պարոն Վետո», — ասել է Թրամփը լրագրող Միրանդա Դիվայնի հետ զրույցում՝ Pod Force One փոդքասթի համար, որի թողարկումը նախատեսված է երկուշաբթի։
Նախագահը ենթադրել է, որ դեմոկրատներն իրենց օրինագծերն իրեն կուղարկեն ստորագրման, սակայն ինքը կմերժի դրանք, մինչև կողմերը փոխզիջման չգան։
«Ինչ-որ պահի մենք, հավանաբար, գործարքներ կկնքենք։ Նման բան արդեն եղել է, և սա առաջին նման դեպքը չի լինի», — նշել է նա։
Իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում Թրամփը վետո է դրել տասը օրինագծի վրա։ Երկրորդ ժամկետի ընթացքում նա առայժմ երկու անգամ է օգտվել այդ իրավունքից։
Կանխատեսումների համաձայն, հանրապետականներին լուրջ պայքար է սպասվում Կոնգրեսում մեծամասնությունը պահպանելու համար։ Դեմոկրատները համարվում են Ներկայացուցիչների պալատի համար պայքարի ֆավորիտները, մինչդեռ Սենատի ընտրությունների ելքն ավելի անորոշ է մնում։ Հանրապետականները փորձում են պահպանել իրենց տեղերը մի քանի նահանգներում, որտեղ թեժ պայքար է սպասվում։
Եթե դեմոկրատները վերահսկողություն հաստատեն պալատներից թեկուզ մեկի նկատմամբ, նրանք մտադիր են ակտիվացնել Թրամփի, նրա վարչակազմի և դաշնակիցների նկատմամբ հետաքննությունները։ Սակայն ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ հանրապետականները կկարողանան պահպանել վերահսկողությունը երկու պալատներում էլ։





























