Հելոուինի գիշերը Դելավեր նահանգի Նյուարկ քաղաքի բանուկ փողոցներից մեկում՝ Դելավերի համալսարանի մոտ, վեց մարդ հրազենային վիրավորում է ստացել։ Ականատեսների հաղորդմամբ, հրաձգությունը խուճապ է առաջացրել ուսանողների և տոնական միջոցառման մյուս մասնակիցների շրջանում։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 23:00-ի սահմաններում, Մեյն սթրիթի մայթին։ Բոլոր վեց տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ։ Համալսարանը ժամը 23:29-ին արտակարգ նախազգուշացում է ուղարկել՝ ուսանողներին և աշխատակիցներին կոչ անելով հեռու մնալ դեպքի վայրից։

Ականատեսների վկայությամբ, կրակոցների պահին փողոցը լի էր Հելոուինը նշող մարդկանցով։ Հավաքվածները նետվել են ապաստան փնտրելու։ Ականատեսներից մեկը պատմել է, որ մարդիկ գոռում ու վազում էին, իսկ տարածքի վերևում ուղղաթիռներ էին պտտվում։

Մեկ այլ ականատես հայտնել է, որ սկզբում կրակոցների ձայները շփոթել է ավտոմեքենաների աղմուկի հետ։ Երբ շուրջը մարդիկ սկսել են ցրվել, պարզ է դարձել, որ լուրջ բան է տեղի ունեցել։

Մեյն սթրիթում երթևեկությունը սկսել են վերականգնել կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում։

Նյուարկի ոստիկանությունը դեռ չի հայտնել տուժածների վիճակի մասին և ձերբակալությունների վերաբերյալ հայտարարություն չի արել։ Իրավապահները խնդրում են ականատեսներին միջադեպի լուսանկարներն ու տեսագրությունները փոխանցել ապացույցների հավաքման պաշտոնական հարթակի միջոցով։