Իտալիան հարկատուների միլիոնավոր եվրոներ է ծախսում պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցի օլիգարխներին պատկանող բռնագրավված սուպերզբոսանավերի պահպանման վրա, գրում է CNN-ը։

Տրիեստի նավահանգստում արդեն ավելի քան չորս տարի կանգնած է մոտ 600 մլն դոլար արժողությամբ Sailing Yacht A առագաստանավը, որի պահպանումն օրական արժենում է շուրջ 30 հազար դոլար, հայտարարել է քաղաքի քաղաքապետ Ռոբերտո Դիպիացան։

142,6 մետր երկարությամբ զբոսանավը պատկանում է ռուս միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյին։ Նավը 2022 թվականի մարտին Տրիեստում տեխնիկական սպասարկում էր անցնում, երբ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո Մելնիչենկոյի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեցին, իսկ զբոսանավի վրա կալանք դրվեց։ Այդ ժամանակվանից ի վեր Իտալիայի իշխանությունները պարտավոր են ապահովել դրա պահպանությունը՝ ներառյալ 20 հոգանոց անձնակազմի աշխատանքի, վառելիքի, մաքրման, անվտանգության և ապահովագրության ծախսերի վճարումը։

Դիպիացան նշել է, որ տարեկան ծախսերը մոտենում են 11 մլն դոլարի։ Եթե պատժամիջոցները չեղարկվեն, Մելնիչենկոն կկարողանա հետ վերցնել զբոսանավը՝ փոխհատուցելով դրա պահպանման ծախսերը։ Սակայն, ինչպես նշել է քաղաքապետը, մինչև այդ կուտակված գումարը կարող է այնքան մեծ լինել, որ սեփականատիրոջ համար ավելի էժան լինի նոր նավ գնելը։ 2025 թվականի սեպտեմբերին Դիպիացան իրավիճակը խայտառակություն է անվանել և առաջարկել վաճառել զբոսանավը կամ այն դուրս բերել նավահանգստից։

Մելնիչենկոն վիճարկել է կալանքը՝ պնդելով, որ զբոսանավը պատկանում է Valla Sails ընկերությանը՝ իր կնոջ հիմնած տրաստի միջոցով։ Սակայն 2025 թվականին Եվրոպական միության դատարանը հաստատել է նավը կալանքի տակ պահելու Իտալիայի իրավունքը։ Իտալական օրենսդրության համաձայն, բռնագրավված նավերը պետք է պահպանվեն պատշաճ վիճակում՝ թույլ չտալով դրանց քայքայումը։

Sailing Yacht A-ն միակ ռուսաստանյան սուպերզբոսանավը չէ, որի պահպանման համար վճարում են իտալացի հարկատուները։ Տոսկանայի Մարինա դի Կարարա նավահանգստում է գտնվում մոտ 700 մլն դոլար արժողությամբ 142-մետրանոց Scheherazade-ը։ Պաշտոնապես նավը կապում են «Ռոսնեֆտի» նախկին ղեկավար Էդուարդ Խուդայնատովի հետ, սակայն Ալեքսեյ Նավալնին պնդում էր, որ այն իրականում պատկանում է Վլադիմիր Պուտինին։

Տեղական մամուլի տվյալներով, կալանքի տակ առնվելու պահից ի վեր Scheherazade-ի պահպանման վրա ծախսվել է ավելի քան 15 մլն դոլար։ Լրացուցիչ ծախսերը կապված են անվտանգության ապահովման հետ, որն անհրաժեշտ է առանց թույլտվության նավ մուտք գործելը ու նավահանգստից դրա դուրս գալը կանխելու համար։

Իտալիան վճարում է նաև «Սևերստալի» սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի հետ առնչություն ունեցող Lady M և Գենադի Տիմչենկոյին պատկանող Lena զբոսանավերի պահպանման համար։ Lady M-ի պահպանման ծախսերն արդեն հասել են մոտ 2 մլն դոլարի։

Որոշ այլ երկրներ այլ մոտեցում են ընտրել։ Ջիբրալթարը ռուսաստանցի մետալուրգիական մագնատ Դմիտրի Պումպյանսկու Axioma զբոսանավը վաճառել է մոտ 37,5 մլն դոլարով, իսկ ԱՄՆ-ն վաճառել է մի քանի բռնագրավված նավ։ Մինչդեռ Չեռնոգորիայում Անդրեյ Գուրևի հետ կապվող Luminosity զբոսանավը մնում է առանց պատշաճ խնամքի և աստիճանաբար քայքայվում է։

Ինչպես ընդգծում է հեռուստաալիքը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հանդես է գալիս Կրեմլի հետ կապ ունեցող ռուսաստանցի օլիգարխների նկատմամբ պատժամիջոցների պահպանման օգտին։ Սակայն նավահանգստային քաղաքների քաղաքապետերն ու տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ անարդար են համարում, որ թանկարժեք նավերի պահպանման ծախսերը փաստացի ընկնում են պետության վրա։